Նրանք, ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, սխալվում են կամ մոլորեցնում մեզ. Աբրահամյան
«Պատերազմական գործողությունների հետ կապված շատ դրվագներ այսօր հայտնի չեն, դժվար թե այս իշխանության պայմաններում մենք կարողանանք դրանց հարցերի պատասխանները ստանալ»,- ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և այլ խնդիրների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ այսօրվա իշխանությունն է դրա գլխավոր պատասխանատուն և հետպատերազմյան ողջ շրջանում ամեն ինչ անում է եղածը քողարկելու և այլ կեղծ թիրախներ գտնելու համար:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցադրմանը՝ արդյո՞ք տեղյակ են, թե պատերազմական օրերին Շուշիի պաշտպանության պատասխանատուն ո՞վ է եղել, Տ. Աբրահամյանն ասաց. «Իրականում ցանկացած ռազմական գոծողություն ունենում է իր գրավոր հրամանը, որում ամրագրված է լինում նաև ճակատի հրամանատարը:
Երբ որ հնարավորություն լինի տիրապետել այդ գաղտնի տեղակատվության, այդ պահին պարզ կլինի, թե որ ուղղությամբ ով է պատասխանատու և ինչի արդյունքում է այս կամ այն ճակատում տապալումներ եղել»:
Խոսելով Արցախում անվտանգության մասին, որ, ըստ նրա, գլխավոր խնդիրն է, Տ. Աբրահամյանը նշեց՝ բոլոր այն մարդիկ Հայաստանում և Արցախում, ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը պետք է կամ կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, նրանք սխալվում են կամ մոլորեցնում են մեզ:
«Պաշտպանության բանակը պետք է վերականգնվի, պետք է արդիականացվի: Հայաստանի իշխանությունների վարքն անթույլատրելի եմ համարում՝ ձեռքերը լվանալ Արցախի հետ կապված քաղաքական, ռազամական, անվտանգային հարցերից և լծվել զուտ հումանիտար բնույթի հարցերով, որովհետև երկարաժամկետ կտրվածքով մենք չգիտենք, թե մեր տարածաշրջանում և աշխարհում ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան, Արցախում ինչպիսի իրավիճակ կստեղծվի 4,10,15 տարի անց»,- ասաց Տ. Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք տեղյակ են, թե պատերազմական օրերին Շուշիի պաշտպանության պատասխանատուն ով է եղել. Արեգնազ Մանուկյան
- Արցախի տարածքները հանձնածներն այսօր հայրենասեր են խաղում, ասում են՝ եկեք, բնակվեք Արցախում. Շուշեցի
- Պատերազմից հետո մեկ տարի շարունակ բռնի տեղահանվածների հարցերին «լուծումները» տրվել են տարերայնորեն. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան