«COVID-19-ով վարակված և չպատվաստված մեծահասակները 12 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում»
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (NCDC) նոր տվյալների համաձայն ՝ COVID-19-ով վարակված և չպատվաստված մեծահասակները 12 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում, քան ամբողջությամբ պատվաստվածները: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
«Չնայած շաբաթական ցուցանիշները կարող են տատանվել, ընդհանրական տվյալներով`
18-49 տարեկան չպատվաստված մեծահասակները 14 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան նույն տարիքի ամբողջությամբ պատվաստված մեծահասակները:
50-64 տարեկան չպատվաստված մեծահասակները 15 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան 50-64 տարեկան ամբողջությամբ պատվաստված մեծահասակները:
65-ից բարձր տարիքի չպատվաստված մեծահասակները 9 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան նույն տարիքի ամբողջությամբ պատվաստված մեծահասակները:
Այս տվյալները ցույց են տալիս, որ COVID-19 պատվաստանյութերն արդյունավետ են և օգնում են կանխարգելել COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացումները»,- ասվում է հաղորդագրությունում: