Մարդը վեց ամիս ապրել է բջջային հեռախոսն օրգանիզմում
Եգիպտոսի բնակիչն անհապաղ վիրահատության է ենթարկվել. բժիշկները նրա աղիներից հեռացրել են բջջային հեռախոսը, որը նա կուլ էր տվել վեց ամիս առաջ: Այս մասին գրում է «odditycentral.com»-ը։
Եգիպտոսում առաջին անգամ է նման վիրահատական միջամտություն տեղի ունեցել:
Ասվան քաղաքի համալսարանական հիվանդանոցի բժիշկները տղամարդու օրգանիզմից դուրս են բերել փոքր չափսի բջջայինը, որը կես տարի մնացել էր նրա աղիներում:
Նշվում է, որ Մոհամեդ անունով տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել որովայնի խիստ ցավերով: Համակարգչային շերտագրությունը ցույց է տվել, որ նրա աղիներում օտար մարմին կա: Նրան անհապաղ պատրաստել են վիրահատության, որի ընթացքում էլ պարզվել է, որ օտար մարմինը սննդային թաղանթով փաթաթված հեռախոս է եղել:
Հիվանդը, որն այժմ իրեն լավ է զգում և կարողանում է նորմալ սնվել, հաստատել է, որ վեց ամիս առաջ հեռախոսը կուլ է տվել: Վերջինս նշել է, որ նախկինում ևս նման փորձ ունեցել է, սակայն այս անգամ հեռախոսը բնականոն ճանապարհով դուրս չի եկել օրգանիզմից:
Մոհամեդը խոստովանել է, որ բջջայինը կուլ է տվել, որպեսզի խուսափի այն անվտանգության աշխատակիցներին հանձնել խուզարկության դեպքում: Հետաքրքիր է, որ այն ամիսներ շարունակ մեծ նեղություն չի տվել տղամարդուն, որը շարունակել է նորմալ սնվել: Սակայն մի օր ուժեղ ցավեր են սկսվել, և նրան հոսպիտալացրել են: