Մոսկվայի նոր սահմանափակումները համավարակի պատճառով
Մոսկվայում կորոնավիրուսի տարածման պատճառով հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային կլինեն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին:
«Իրավիճակը Մոսկվայում շարունակում է զարգանալ վատագույն սցենարով: Առաջիկա օրերին կհասնենք հիվանդացության պատմական բարձր ցուցանիշների»,- ասվում է քաղաքապետի կայքում:
Հաղորդվում է, որ դադարեցվում է առևտրի և ծառայությունների ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը՝ բացառությամբ դեղատների, մթերքի և առաջին անհրաժեշտության իրեր վաճառող խանութների: Միևնույն ժամանակ առաքման ծառայությունը չի սահմանափակվում: Ռեստորաններն ու սրճարանները ևս կարող են առաքմամբ աշխատել:
Դպրոցներում և մանկապարտեզներում ևս արձակուրդ կհայտարարվի: Նախադպրոցական և այլ խմբակների աշխատանքն էլ կդադարեցվի:
Զանգվածային միջոցառումներ հնարավոր կլինի իրականացնել միայն պետական իշխանության մարմինների թույլտվությամբ: