Ուսուցչի միջին աշխատավարձը մեկ դրույքի համար կազմում է մոտ 125 հազար դրամ․ նախարար
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ի նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկատվություն է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Համաձայն նախարարի ներկայացրած տեղեկատվության` կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, ինչը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը` 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար:
«Ուսուցչի միջին աշխատավարձը մեկ դրույքի համար կազմում է մոտ 125 հազար դրամ: 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցչի աշխատավարձը, այսպիսով, կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս հավելավճարի բարձրացումը կկազմի 50 հազար դրամ, իսկ 50 տոկոս հավելավճարի պարագայում բարձրացումը կկազմի մոտ 62 հազար դրամ»,- նշել է Վահրամ Դումանյանը` տեղեկացնելով, որ կամավոր ատեստավորման գործընթացով նախատեսված գիտելիքների ստուգումները 2021 թվականի սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել են 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդվող բոլոր առարկաների ուսուցիչները:
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կամավոր ատեստավորման արդյունքում, ըստ առարկաների, հավելավճար ստացող ուսուցիչների շրջանում տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում մաթեմատիկայի ուսուցիչներն են (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 87 տոկոսը), երկրորդ տեղում՝ ֆիզիկայի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 56 տոկոսը), իսկ երրորդ տեղում հայերենի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 41 տոկոսը) ուսուցիչներն են: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից` համապատասխանաբար 11 և 20 տոկոս: Ըստ մարզերի՝ ամենաբարձր արդյունքն ապահովել են համապատասխանաբար Սյունիքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 56 տոկոսը), Շիրակի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 54 տոկոսը) և Կոտայքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 52 տոկոսը) ուսուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան