Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
Պատերազմի պատճառների, դրան պատշաճ չարձագանքելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ որևէ քայլ չանելու շատ հանգամանքներ պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ քողարկվում են այն անձանց կողմից, որոնք այսօր իշխանության կազմում են։ Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերի փորձագետ, ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Ես մտավախություն ունեմ, որ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը տարբեր կեղծ թիրախների վրա բաժանելուց բացի, այս ընթացքն օգտագործելու է, ու պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են։ Ներկայում նկատելի է, որ իշխանությունը դրա համար անհրաժեշտ քաղաքական ու տեղեկատվական դաշտը ոչ միայն նախապատրաստել է, այլև կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել, ահաբեկումների միջոցով թույլ չտալ, որ խոսեն»,- ասաց Աբրահամյանը։
Նա ցավով փաստեց, որ շատ հարցերի պատասխաններ կարող ենք գտել այն ժամանակ, երբ Հայաստանում այս իշխանությունն ուղղակի չլինի։
Պատգամավորն ասաց, սա զուտ իշխանության դեմ պայքարի կամքի մասին հայտարարություն չէ, փաստն այն է, որ այս իշխանության օրոք ճշմարտությունն իմանալու հնարավորություն չունենք։
Բացի այդ, գործող իշխանությունը, ըստ բանախոսի, չի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերն անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։
«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են մեր հայրենակիցների ճակատագրի համար, չափազանց վատ են աշխատում, չեն գործադրել ու գործադրում բոլոր հնարավարությունները, ինչը թույլ կտար առավել շատ անհետ կորածների ճակատագրերի մասին տեղեկանալ»,- ասաց Աբրահամյանը։
Նա վկայակոչեց նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում էր գերիների վերադարձին, սակայն հստակ ժամկետ նշված չէր, մինչդեռ տարածքների՝ Ադրբեջանին հանձնման ժամկետները հստակ էին։
Նշենք, որ Տիգրան Աբրահամյանը մասնակցում է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը, որին ներկա են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված երիտասարդների ծնողները, ընտանիքի անդամները: