ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամուսնացել է
ԵՄ-ն պաշտոնապես ունի առաջին տիկին՝ Ամելի Դերբադրենգիեն Միշելը: Շաբաթներ շարունակ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրաժարվում էր ասել, թե արդյոք ինքն ու իր երկարամյա զուգընկերը վերջապես ամուսնացել են:
Նույնիսկ անցյալ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով դեբատի ժամանակ ուղիղ հարցին Միշելը կտրականապես հրաժարվեց հայտնել իր ամուսնական կարգավիճակը՝ ասելով, որ դա անձնական հարց է: Նա ամուսնական մատանի չէր կրում: Այս մասին գրում է Politico-ն։
Սակայն Դերբադրենգիեն Միշելն այժմ պատասխանել է հարցին և իր պաշտոնական դեբյուտը կատարել` այս շաբաթ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավարների կանանց ու ամուսիններին հրավիրելով միջոցառման հոկտեմբերի 21-ին:
Գործընկերներին առաջարկվել էր ուղեցույցով այցելել Դեյվիդ Հոքնիի ցուցահանդես՝ Բոզար կերպարվեստի կենտրոնում, որին հաջորդում է ընթրիք կենտրոնի համանուն ռեստորանում, որն ունի Միշլեն աստղ:
Զույգը, որն ունի երկու երեխա, ծրագրել էր ամուսնանալ անցյալ տարի, այդ թվում՝ Ֆրանսիայում երեկույթի ժամանակ, սակայն ստիպված էին հետաձգել՝ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ Միշելը, որը Բելգիայի նախկին վարչապետն է, նույնպես որդի ունի նախորդ հարաբերություններից:
Միշելի խոսնակը հաստատել է, որ նրանք ամռանն ամուսնացել են և փոքրիկ տոնակատարություն են անցկացրել՝ ընտանիքի և մտերիմ ընկերների համար, սակայն ասել է, որ նախագահը չի ցանկանում այլ մանրամասներ հայտնել:
Դերբադրենգիեն Միշելը կարիերային պետական ծառայող է Բելգիայի կառավարությունում և ներկայումս աշխատում է արտաքին գործերի նախարարությունում: