Վրաստանում պատվաստումից հետո մահացած բուժքրոջ գործով հետաքննությունը դադարեցվել է
Ախալցիխեում բուժքույր Մեգի Բաքրաձեի մահվան պատճառների հետաքննությունը դադարեցվել է: Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։
Սամխարաուլիի դատաբժշկական բյուրոյի քննչական մարմինը 6 ամսվա ընթացքում չի կարողացել ստանալ փորձաքննության եզրակացություն, ինչը նշանակում է, որ անզգուշության հետևանքով առաջացած բուժքրոջ մահվան համար ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։
Մարտի 18-ին՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ օրը, Ախալցիխեի բուժքույրը գործընկերոջ կողմից պատվաստվել էր «Իմեդի» կլինիկայում։ Պատվաստվելուց րոպեներ անց կորցրել էր գիտակցությունը և հաջորդ օրը մահացել։
Մահացած 27-ամյա կինն ուներ ամուսին ու երկու անչափահաս երեխա։
Հոկտեմբերի 19-ին, Մեգի Բաքրաձեի մահից կես տարի անց, ո’չ ընտանիքին, ո’չ հանրությանը հայտնի չէ երիտասարդ կնոջ մահվան պատճառը։ Սամխարաուլիի բյուրոն չի կարողացել գտնել մասնագետի, ով կարող է կատարված ուսումնասիրության արդյունքում պարզել մահվան պատճառը:
«Մենք հնարավորություն չունենք հարցեր քննարկելու, մեզ անհրաժեշտ է մահվան պատճառը. եթե դա իմանանք, ապա ձեռնարկված գործողությունները կգնահատվեն, մինչ այդ դժվար է խոսել որևէ մեկի պատասխանատվության մասին»,- ասել է Վախո Բարամաշվիլին՝ Մեգի Բաքրաձեի ընտանիքի փաստաբանը։
Փորձաքննությունների բյուրոն մայիսի 13-ին և 27-ին դիմել է առողջապահության նախարարություն՝ որակյալ ալերգոլոգ-իմունոլոգ ընտրելու համար։ Երկու դեպքում էլ փորձագետները հրաժարվել են մասնակցել հետազոտությանը: Նրանց ինքնությունը գաղտնի է պահվում։
Սամխարաուլիի բյուրոն հունիսի 9-ին ևս մեկ անգամ դիմել է առողջապահության նախարարությանը՝ փորձագետ ընտրելու խնդրանքով։
Վրաստանի առողջապահության նախարարությունից ասում են, որ գործով որպես փորձագետ ներգրավվելն իրենց պարտականությունը չէ, այլ բարի կամքը։ Գերատեսչությունը, որը պետք է շահագրգռված լիներ պարզել Մեգի Բաքրաձեի մահվան պատճառը, քանի որ պատվաստումից մի քանի ժամվա ընթացքում բուժքրոջ մահը գրեթե անմիջապես դադարեցրել և հետագայում հետաձգել է պատվաստման գործընթացը երկրում, ասել է, որ Սամխարաուլիի բյուրոն կարող է գտնել փորձագետ` առանց առողջապահության նախարարության օգնության: Մինչդեռ հենց Առողջապահության նախարարությունը, որպես բժշկական տեղեկանք տրամադրող գերատեսչություն, ունի առավել ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն Վրաստանի կոնկրետ մասնագետների մասին։
Փորձաքննությունների բյուրոն նշում է, որ իրենք նաև փորձագետի թեկնածու են փնտրում Եվրոպական դատաբժշկական հաստատությունների ցանցի (ENFSI) օգնությամբ: ENFSI-ին Եվրամիության կողմից 2009-ին ճանաչվել է որպես դատաբժշկական փորձաքննության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան