Իրանի դեմ Ալիևի անզիջում հռետորաբանության «ոգեշնչման աղբյուրը» մեծ եղբայրն է՝ Էրդողանը. Արմեն Պետրոսյան
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի կողմից Իրան-Ադրբեջան լարվածությանն անդրադարձը բացահայտում է հակաիրանական «խաղում» թուրք-ադրբեջանական միասնական դիրքավորումը՝ ի ցույց դնելով տանդեմի հիմնական խաղաքարտերը։ Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Էրդողանը մասնավորապես նշել էր. «Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող վեր կենալ և Ադրբեջանին թիրախավորող գործելաոճ դրսևորել, որովհետև այսօր ադրբեջանցիների թիվն Իրանում ակնհայտ է: Սա, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս: Կատարվածը սխալ է: Կարծում եմ՝ Իրանը և նոր իշխանությունն այս սխալը չեն շարունակի»:
«Արդեն իսկ անհերքելի է՝ 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնային խնդիրներից է ոչ միայն տարածաշրջանում Իրանի կողմից սեփական դիրքերի վերականգնմանը միտված քաղաքականության հնարավորինս խոչընդոտումը, այլ նաև հենց Ադրբեջանի տարածքում իրանական ազդեցության առավելագույնս չեզոքացումը։
Որպես նշվածի վառ ապացույց՝ կարելի է նշել Բաքու-Թեհրան լարվածության ֆոնին Ադրբեջանում Իրանին հարող շիայական և տեղաբնիկ էթնիկ խմբերի տարաբնույթ շրջանակների դեմ թիրախային պայքարը։ Խոչընդոտվում է նրանց ներկայացուցիչների գործունեությունը, իրականացվում են ձերբակալություններ լրտեսական ցանցի ստեղծման, պետական դավաճանության և անջատողականության հրահրման շինծու մեղադրանքներով։
Իսկ տարածաշրջանում Թեհրանի դիրքերի թիրախավորման հստակ օրինակներ են Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարների տեղաշարժի սահմանափակումները, Արցախի օկուպացված շրջաններում ընթացող շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության բացառումը, Ադրբեջան-Իրան սահմանին Իսրայելի գործունեության ընդլայնման իրողությունը, ահաբեկչական տարրերի ներկայության հնարավորությունը (ըստ իրանական կողմի) և այլն»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան