ՀՀ իշխանությունները և Ադրբեջանը զուգահեռաբար վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն. Էլիբեգովա
«Հասարակության գիտակից և, հուսով եմ, մեծամասնություն կազմող հատվածի համար հասկանալի է, որ հայատյացությունն Ադրբեջանում ոչ մի տեղ չի կորել, և ոչ միայն չի կորել, այլև պատերազմից հետո ավելի մեծ մասշտաբների է հասել, որովհետև նրանք պարտվողի բարդույթից ազատվեցին, նրանց վարքագիծը շատ ավելի ագրեսիվ դարձավ, ատելության քարոզը շատ ավելի սաստկացավ, ինչը կարող ենք տեսնել Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական՝ արդեն գրոտեսկի հասնող ելույթներում, իրենց լոբբիստների շրջանակում, մամուլում, որպես հետևանք, արտացոլված է նաև հասարակական մակարդակում», - «Հայաստան» դաշինքը կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա նշեց, որ այսօր իրավիճակ է, երբ Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և Հայաստանը միջազգային մակարդակում ներկայացնող անձանց հռետորաբանությունն իրար շատ նման է, միջազգային հանրությանն ու մեր հասարակությանը փոխանցում են նույն մեսիջները, որոնք չեն բխում հայ ազգի և մեր պետության շահերից։
«Ադրբեջանը և մեր իշխանությունները զուգահեռաբար վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն՝ մեր հասարակության ուղեղում նստացնելով այն միտքը, որ հետևանքներն անխուսափելի են և այն ամենը, ինչը կատարվեց, անվերադարձ է և ռևանշի, դեօկուպացիայի մասին մտքերը նույնիսկ հայ հասարակությունից պետք է արմատախիլ արվեն, մենք պետք է համակերպվենք այս իրականության հետ», - ասաց ադերբեջանագետը։
Նրա կարծիքով, պետք է սրա դեմն առնել, քանի որ մեծանում է նոր սերունդ, նրան պետք է բացատրել՝ շարունակել օգտագործել ճիշտ քարտեզներ, դասագրքերում ճիշտ ներկայացնել պատկերը։
«Ադրբեջանը 30 տարի իր հասարակությանը թույլ չէր տալիս մոռանալ առաջին պատերազմի հետևանքները և անընդհետ ռազմահայրենասիրական քարոզչությամբ, մանրակրկիտ աշխատանքով իր հասարակությանը պատրաստել է երկրորդ փուլին։ Մեր առաջ էլ է այսօր դրված այդ խնդիրը»,- ասաց Ա. Էլիբեգովան։
Նա նշեց, որ ապատիայի փուլը պետք է փակել, չխոսել միայն կորուստներից, արդեն ժամանակն է աշխատել այն ուղղությամբ, թե ինչ պետք է անել կորցրածը վերադարձնելու համար, անցնել պրակտիկ աշխատանքի։
«Մեր հասարակությանը պետք է հասցնել այն միտքը, որ անհեթեթ, անմարդկային հիմարությունները՝ «Շուշին դժբախտ ու դժգույն էր», «Սյունիքը սովետական քարտեզներով Ադրբեջանինն է», անընդունելի են», - ասաց Անժելա Էլիբեգովան։
Ադրբեջանագետը նշեց, որ Ադրբեջանը շարունակելու է անդադար սադրանքների գնալ, և ինչքան չհակազդեն դրանց, ավելի շատանալու ու լրջանալու են։
«Այսօր պետք է հասարակության հետ խոսելու ոճն ու բովանդակությունը փոխվի»,- նշեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհին պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Արմեն Ռուստամյան. Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական գծի վրա պահողը Սյունիքն է
- «Ո'չ Հայաստանի թրքացմանը և ո'չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով ենք գործելու. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում