Զախարովա. ԱՄՆ-ը փորձում է կանխել Անդրկովկասում «3 + 3» ձևաչափի գործարկումը
Ռուսաստանը հույս ունի Անդրկովկասում «3 + 3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հնարավորինս շուտ գործարկման վրա, սակայն նշում է արևմտյան երկրների՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ այդ գործընթացին խոչընդոտելու փորձերը։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։
«Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ցանկությունը՝ միջամտելու որոշ գործընթացներին», - նշել է Զախարովան։
Նա նշել է, թե ամերիկյան կողմը, փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը, զբաղված է ապատեղեկատվությամբ՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։
Դիվանագետը հիշել է, որ նման մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները:
«Ինչպես գիտեք, Ռուսաստանն աջակցել է այս նախաձեռնությանը: Մենք ելնում ենք նրանից, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բացարձակապես համապատասխանում է այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահերին։ Եվ մեր տեսանկյունից, այս մեխանիզմի գործարկումը կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերություններում, լուծել առկա հակասությունները և բացահայտել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և հումանիտար ներուժը», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցում համագործակցության վեցակողմ ձևաչափի և տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի վերաբերյալ նախաձեռնությամբ։ Իրանը ողջունել է այս գաղափարը՝ խոստանալով իր պատրաստակամությունը աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, ռուսական կողմն աշխատում է Հայաստանի գործընկերների հետ, ինչպես նաև հույս ունի, որ Վրաստանը նույնպես կհայտնի իր շահագրգռվածությունը նման մեխանիզմ ստեղծելու հարցում։
Օրերս Վրաստանում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, պատասխանելով «3 + 3» ձևաչափի մասին հարցին, հայտարարեց, որ «Ռուսաստանը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»։
«Ինչ վերաբերում է 3 + 3 ձևաչափին, ապա առաջարկի հետ կապված ես ուղղակի ասացի, որ Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը: Նախքան խոսելը Հարավային Կովկասի երկրների համագործակցության մասին, նրանք պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը», - ասել է Լլոյդ Օսթինը։