Կոնրադ վան Ալֆենը Հայաստանում. «Երաժիշտները շատ արագ ընդունում ու արձագանքում են իմ յուրաքանչյուր ազդակին»
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալել է ջութակահար Ֆումիակի Միուրային և դիրիժոր Կոնրադ վան Ալֆենին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նրանք կատարել են Ալեքսեյ Շորի «Մանհեթենի տարվա չորս եղանակները»՝ գրված ջութակի և նվագախմբի համար և Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը։
Ճապոնացի ջութակահար Ֆումիակի Միուրան 2009 թվականին արժանացել է Յոզեֆ Յոակիմ Հաննովերի անվան ջութակի միջազգային մրցույթի առաջին մրցանակին՝ լինելով մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ երաժիշտը։ Նա համագործակցել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Միշա Մայսկին, Ջոնաթան Ռուզմանը, Պինկաս Ցուկերմանը և այլք։ Ելույթ է ունեցել հանրահայտ նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ։
Ֆումիակի Միուրան Հայաստանում առաջին անգամ է։ Նշում է, որ այսօր՝ ինտերնետի, տեխնոլոգիաների դարում, երբ արժեքներն ու արժեհամակարգերը որոշակիորեն փոխվել են, ու ամեն ինչ շատ շփոթեցնող է, փորձում է շարունակել ներկայացնել այնպիսի երաժշտություն, որ իր սրտին հոգեհարազատ է։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Ֆումիակի Միուրան Երևանում վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների հետ դասական երաժշտության համանուն ակադեմիայի շրջանակներում:
Խոսելով հայ պատանի երաժիշտների հետ անցկացրած հանդիպման մասին՝ ջութակահարը նշում է, որ հրաշալի պատանիներ են։
«Թեև հանդիպումը շատ կարճ էր, բայց ես հաճույք ստացա այդ աշխատանքից, ուրախ էի փոխանցել իմ հմտությունները, խորհուրդները պատանի տաղանդներին։ Շատ ցանկանում եմ, որպեսզի նրանք շարունակեն աշխատանքն իրենց հրաշալի ուսուցիչների հետ, որոնց դերը շատ մեծ է պատանի երաժիշտների կայացման գործում»,- ասում է ջութակահարը։
Մեծ ճանաչում վայելող դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը նշում է, որ փառատոները մշտապես իր համար մեծ տոն են, երաժշտության հրավառություն, որտեղ ներկայանում են տարբեր երաժիշտներ, դիրիժորներ՝ կատարելով ամենատարբեր ստեղծագործություններ։
Ինչ վերաբերում է երեկոյի ընթացքում ներկայացված ստեղծագործություններին՝ մաեստրոն ընդգծում է. «Ալեքսեյ Շորի «Մանհեթենի տարվա չորս եղանակները» մեղեդային, գեղեցիկ ստեղծագործություն է, և հաճելիորեն ընդունվում է ունկնդրի կողմից։ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը հեղինակի ռոմանտիկ գործերից է՝ լի էներգիայով։ Այդ երաժշտությունն ունկնդրելիս կարող ես պատկերացնել բալետի պարուհիների թռիչքը»։
Կոնրադ վան Ալֆենը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ էր ունենում երկրորդ անգամ։
«Շատ բաց, ջերմ նվագախումբ է, երաժիշտները շատ արագ ընդունում ու արձագանքում են իմ յուրաքանչյուր ազդակին»,- ասում է դրիժորը։
Աս օրերին Երևանում անցկացովող «Արմենիա» փառատոնի համերգներին կարելի է նաև առցանց հետևել հետևյալ հղմամբ։
Փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) ջանքերի շնորհիվ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Արմենիան» մեկնարկել է սեպտեմբերի 29-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Մեկ ամիս շարունակ դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեն ունկնդրելու բազմազան երկացանկ և մեծանուն երաժիշտների։
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» փառատոնին կհյուրընկալվեն դաշնակահար Ռեմի Ժենյեն և դիրիժոր Ֆելիքս Կորոբովը
- «Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգան Ֆումիակի Միուրան և Կոնրադ վան Ալֆեն
- Դաշնակահար Յոլ Ում Սանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում
- Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում
- «Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա 17 մենակատար, 11 դիրիժոր
- «Արմենիա» միջազգային փառատոնն իր տանիքի ներքո է համախմբել մեծանուն երաժիշտների
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները