Ծխողների միայն 5% -ն է կարող վատ սովորությունից հրաժարվել առանց օգնության
Ծխողների միայն 5%-ն է կարող վերջնականապես հրաժարվել այս սովորությունից առանց օժանդակության։ Այս մասին գրում է «medlinks.ru»-ն՝ վկայակոչելով Բուդապեշտի Սենտ-Ֆերենց կլինիկայի գլխավոր բժիշկ, Հունգարիայի վնասի նվազեցման բժշկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ Էմիլ Թոլդի-Շեդելին։
Հունգարիայում այսօր կա մոտ 2 մլն ծխող, այսինքն՝ երկրի բնակչության մոտ 20%-ը։ Բժիշկ Թոլդի-Շեդելի կարծիքով՝ այս թիվը տարեցտարի նվազում է, սակայն շատ ցածր տեմպով։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ առանց որևէ օժանդակության ծխողների ընդամենը 5 %- ը կարող է վերջնականապես հրաժարվել այդ սովորությունից։
Սիգարետի այրման ընթացքում արտանետվող թունավոր նյութերը հանգեցնում են սիրտ-անոթային և բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացմանը, ինչի արդյունքում էլ ծխողների կյանքի տևողությունը կրճատվում է միջինում մոտ 10 տարով։ Հարկ է նշել նաև, որ սիրտանոթային հիվանդությունների (սրտի կաթված, ուղեղի կաթված, սրտի իշեմիկ հիվանդություն և այլն) դեպքերի մեկ երրորդ մասն ուղղակիորեն կապված են սիգարետ ծխելու հետ։
Ըստ Էմիլ Թոլդի-Շեդելի՝ հենց սիգարետի ծուխը և դրանում պարունակվող մոտ 7000 վնասակար նյութերն են սիրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը։ Նիկոտինը առաջացնում է զարկերակային ճնշման կարճաժամկետ բարձրացում, ինչը, սակայն, չի հանդիսանում սիրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառ։
Ծխելը, ի հավելումն մի շարք այլ բացասական հետևանքների, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը։ Այս ամենի հետևանքով առաջանում է արյան գերճնշում, ինսուլինառեզիստենտություն, կուտակվում է վիսցերալ ճարպ, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում մարդու սիրտանոթային համակարգի առողջության վրա։
Ծխախոտի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը
Ներկայումս առավել արդյունավետ են ծխելու դեմ պայքարի հետևյալ ռազմավարությունները.
Ծխելու կանխարգելում՝ այն ծխողների համար, ովքեր կարող են ծխելուց հրաժարվել ինքնուրույն։
Վնասի նվազեցում՝ այն ծխողների համար, ովքեր չեն ուզում կամ չեն կարողանում հրաժարվել ծխելուց։ Վնասի նվազեցումը ենթադրում է անցում նվազեցված ռիսկով արտադրատեսակների, ինչպիսիք են՝ նիկոտինային սպեղանիները, ծխախոտի տաքացման համակարգերը, SNUS-ը, որոնք սպառողին հնարավորություն են տալիս օգտագործել նիկոտին՝ միաժամանակ բացառելով այրման գործընթացը։
Սոֆիայի Ազգային սրտաբանական հոսպիտալի սրտաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Բորիսլավ Գեորգիևը նշել է, որ սիրտանոթային հիվանդությունների զարգացումն ու ընթացքը մեծապես կախված է մարդու ապրելակերպից։ Ծխելը կարևոր ռիսկի գործոն է ոչ միայն շնչառական հիվանդությունների և քաղցկեղի զարգացման համար, այլև սիրտանոթային հիվանդությունների համար։ Անկասկած, իդեալական կլիներ, եթե մարդիկ չսկսեին ծխել, սակայն ներկայիս պայմաններում գերխնդիր է իրականացնել բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք հնարավորություն կտան նվազեցնել ծխելու արդյունքում մարդու օրգանիզմին հասցվող վնասը։
Ըստ Գեորգիևի, այս տարվա սեպտեմբերի սկզբին Եվրամիության կողմից հրապարակվել են սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման ուղեցույցեր, որոնցում նկարագրվում է այդ հիվանդությունների և ծխելու կապը, ինչպես նաև խորհուրդ է տրվում քայլեր ձեռնարկել՝ ուղղված պացիենտների ծխելը դադարեցնելուն, այդ թվում նաև այլընտրանքային նիկոտինային արտադրանք սպառելու միջոցով