Շոյգուն հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ուժեր է մոտեցնում Ռուսաստանի սահմաններին
Ռուսաստանի ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է մոտեցնում Ռուսաստանի Դաշնության սահմաններին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ի պատասխան Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի հայտարարության։
«Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է մոտեցնում մեր սահմաններին: Թե ինչպես է սա արդեն ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար, ԳԴՀ պաշտպանության նախարարը պետք է, որ լավ իմանա։ Եվրոպայում անվտանգությունը կարող է լինել միայն ընդհանուր՝ չոտնահարելով Ռուսաստանի շահերը։ Բայց այսօր ՆԱՏՕ-ն է, որ պատրաստ չէ այս հարցի շուրջ հավասար երկխոսության»,-ասել է Շոյգուն:
Նա աղետ է անվանել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «զսպման» ծրագրի իրականացման արդյունքները: «ՆԱՏՕ-ի «զսպման» ծրագրի իրականացումը Աֆղանստանում ավարտվեց աղետով, որով այժմ զբաղվում է ամբողջ աշխարհը»,-ասաց նախարարը:
Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի պաշտպանության նախարարը «Deutschlandfunk» ռադիոյին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն մտածում է Բալթիկ և Սև ծովի տարածաշրջանների համար Ռուսաստանին զսպելու սցենարների մասին, այդ թվում՝ օդային տարածքում և միջուկային զենքով, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է հստակ հայտնի Ռուսաստանին, որ դաշինքը պատրաստ է օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք վաղ կանխարգելիչ ազդեցություն կունենան և որևէ մեկի մտքով չի անցնի հարձակվել, օրինակ՝ Բալթյան տարածաշրջանում կամ Սև ծովում ՆԱՏՕ-ի գործընկերների վրա: Կրամպ-Կարենբաուերն ընդգծել էր, որ դա ՆԱՏՕ-ի հիմնական գաղափարն է, այն կհարմարեցվի Ռուսաստանի ներկայիս վարքագծին: