Համացանցը Հայաստանում ունեցել է որակական լուրջ ազդեցություն. Ս.Մարտիրոսյան
«Եթե ինտերնետն ազատ է, եթե կա կարծիքների ազատություն և ազատ տարածվում է, դա նաև ցույց է տալիս տվյալ երկրում խոսքի ազատության ընդհանուր վիճակը, եթե, իհարկե, ցանցը հասանելի է բոլորին և հանդիսանում է տեղեկատվության հիմնական աղբյուրներից»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա, Հայաստանում, պաշտոնական տվյալներով, ինտերնետից օգտվում է բնակչության կեսը՝ մոտ 1,5 միլիոն մարդ: Խոսքի ազատության տեսանկյունից հիմնական հարթակը «Ֆեյսբուքն» է, որից ակտիվ օգտվում է բնակչության կեսի կեսը՝ մոտ 850 հազար մարդ:
«Սա նշանակում է, որ բնակչության քառորդ մասն է օգտվում «Ֆեյսբուքից»: Եթե հաշվի առնենք, որ մինչև 16 տարեկան օգտատերերն են մեծ մասը, ովքեր առանձնապես հասարակական, քաղաքական կյանքով հետաքրքրված չեն, գալիս ենք նրան, որ համացանցն ազատ է, ազատ կարծիք կարելի է ձևավորել, ազդեցությունը մեծ է, բայց սահմանափակ է, չի տարածվում ամբողջ բնակչության վրա»,- ասաց նա:
Այսինքն, ըստ փորձագետի, հասարակության այն մասը, որ ներգրավված է համացանցում, դրա մոտ 20 տոկոսն է օգտվում այդ հարթակից՝ որպես կարծիքի տարածման հիմնական հարթակ:
«Մենք դեռ գտնվում ենք այն վիճակում, երբ որ հեռուստատեսությամբ ասված խոսքն ավելի մեծ հեղինակություն ունի, քան ցանցը: Ցանցի ազդեցությունը մեծ է, գնալով աճում է, բայց հիմնականը չէ»,- նշեց Ս. Մարտիրոսյանը:
Միաժամանակ, փորձագետի խոսքով, քաղհասարակության տեսանկյունից Հայաստանում համացանցն ունեցել է որակական լուրջ ազդեցություն. «2009-10 թվականներին Հայաստանում քաղհասարակություն, որպես այդպիսին չկար: Կային հասարակական կազմակերպություններ, որոնց հանրային կապը թույլ էր: Համացանցի, մասնավորապես «Ֆեյսբուքի» շնորհիվ ձևավորվեց դինամիկ քաղաքացիական հասարակություն, որը կապված չէ որևէ կազմակերպության կամ մարդկանց հետ, ձևավորվում է ինքնաբուխ՝ ըստ խնդիրների: Առ այսօր այդպես է»:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանի վրա որպես ստվեր մշտապես ընկած է 2008 թվականի մարտը. Մեդիափորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան