Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ
Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ռիա նովոստի գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում, նաև՝ բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։
«2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել:
Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում»,- մասնավորապես նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
- Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հնարավոր է հանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում
- «Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու». Թաթուլ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան