Կամ ստում են, որ աշխարհազորը փախել է, կամ փախչողներին գումար են տրամադրել. ԱՀ ԱԺ պատգամավոր
«Մենք տեսնում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ակցիաները և միաժամանակ տեսնում ենք, թե ինչպես է Արցախում մսխվում նրանց աջակցության գումարները»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը և տեղեկացրեց, որ Արցախի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր՝ բռնագաղթած բնակիչների հաշվին գրպանները լցնելու փորձերի համար:
Նրա խոսքով՝ արցախցին տեսնում է, որ ոչինչ չի փոխվել իշխանության գործելաոճում և նման իրավիճակում իրենց ապագան Արցախում չեն տեսնում:
Ըստ Գալստյանի, 20 հազարից ավել բռնագաղթածների կացարանների խնդիր կա, իսկ պետությունը փորձում է ձեռքերը լվանալ մի կողմ քաշվել՝ յուրաքանչյուրին թողնելով իր խնդիրների հետ, մյուս կողմից էլ որոշակի գործողություններով նրանց օգնության գումարները մսխվում են:
Հիմնավորելով իր հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության պատգամավորը հայտնեց, որ պատերազմից հետո 40-ից ավել հյուրատուն է գրանցվել Արցախում, և բացատրեց, որ երբ ԱՀ քաղաքացին վարձով է տալիս իր բնակարանն, ապա այն ավելի էժան է, իսկ բնակարանը հյուրատուն ձևակերպելիս մեկ շնչին ընկնող վարձի գումարն էականորեն ավելանում է, որը պետությունն է վճարում:
«Եթե մի տունը պետք է վարձակալեին 120 հազար դրամով և այնտեղ բնակվեին 5-7 հոգի, ապա հյուրատուն դարձնելու դեպքում այդ նպատակով մեկ անձի համար օրական 2.5-4 հազար դրամ է տրամադրվում պետության կողմից, որը 120 հազար դրամը եռակի, քառակի գերազանցող մուծում է ենթադրում»,-հայտարարեց Գալստյանը և հավելեց. «Այս մեխանիզմով փորձում են պետության վերջին կոպեկը վերցնել և չգիտես ինչի համար այն արվում է պետական՝ նախարարության մակարդակով և ես չեմ կարծում, որ դրանից տեղյակ չեն երկրի առաջին դեմքերը: Եթե դրա մասին տեղյակ չէ առաջին դեմքը, ուրեմն նա տեղում չէ, եթե տեղյակ է ու հանդուրժում է, ապա այն ավելի ցավալի է»:
Շեշտելով, որ Արցախում իրականացվող բոլոր սոցիալական ծրագրերում է այդ վիճակը տիրում՝ «Արդարություն» խմբակցության պատգամավորն ասաց, որ այդ մասին հայտնել է ԱՀ նախագահին, մասնավորապես՝ երբ իր ձեռքի տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած բնակավայրերում 842 տրակտոր է մնացել:
Պատգամավորը հարց է բարձրացրել, թե միայն այդքան տրակտոր ինչպես կարող է մնացած լինել բռնազավթած տարածքներում, այն դեպքում, երբ միայն Ջրականի հատվածով է ճեղքում եղել, իսկ Արցախի մյուս բոլոր հանձնած շրջաններից ժամանակ էր տրվել տեխնիկան դուրս բերելու համար:
«Եթե այդ թվերով պետք է փոխհատուցում տրվի, ապա դրանք անհավանական թվեր են և բոլոր ոլորտներում է այդպես և պատկերացրեք՝ գյուղապետը տալիս է տեղեկանք, որ այս մարդն ուներ տրակտոր և դրա հիման վրա պետք է փոխհատուցում տրվի»,-նկատեց Գալստյանը և շեշտեց, որ նույն պատկերը տեսել են նաև աշխարհազորին գումարներ տրամադրելու ժամանակ, որոնք մեծ չափեր էին կազմում, այն դեպքում, երբ հայտարարում էին, թե աշխարհազորը փախել է:
ԱՀ պատգամավոր հայտնեց, որ տեսել են, թե քանի հազար մարդ է այդ գումարները ստացել:
«Կամ ստում են, որ աշխարհազորը փախել է, կամ փախչողներին գումար են տրամադրել»,-ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը: