Բրիտանիան գաղտնի հատուկ գործողություն է սկսել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի «բանկային» բաժինը իր ռեսուրսներն ուղղել է Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարին: Սեփական աղբյուրների տեղեկատվության վրա գրված «Financial Times»-ի հոդվածը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ թերթի, այս ստորաբաժանումը ստեղծվել է վեց տարի առաջ`Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի առևտրային գործունեության դեմ պայքարելու համար: Այն համալրված է նախկին բանկիրներով և ֆինանսիստներով։ Փորձագետները հիմնականում կենտրոնանում են ապրանքային շուկայի և միջազգային կապիտալի հոսքերի վրա։
Օպերատիվ խմբի աշխատակիցներն աշխատել են հատուկ նշանակության ջոկատի, հատուկ ծառայությունների, ինչպես նաև տեղեկատվական պատերազմի դեմ պայքարի վարչության 77-րդ բաժնի հետ։ Նրանց խնդիրն էր թուլացնել թշնամուն՝ սահմանափակելով ֆինանսական միջոցներին նրանց հասանելիությունը:
«Բաժանմունքում մասնագետների պահանջարկն աճում է, քանի որ այնպիսի հակառակորդները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, գործում են խաղաղության և պատերազմի միջև ընկած գորշ գոտում՝ ազգային ենթակառուցվածքների դեմ օգտագործելով կիբերզենքը և ներդրումներ անելով արտերկրի զգայուն ոլորտներում»,-գրում է թերթը։
Ավիացիայի մարշալ Էդվարդ Սթրինգերը, որը մինչև այս տարի թոշակի անցնելը վերահսկում էր օպերատիվ բաժնի աշխատանքը, պարբերականին ասել է, որ անհրաժեշտ է գտնել իրենց հակառակորդների բիզնես մոդելի կարևոր տարրերը, վերացնել դրանք և հնարավորինս դժվարացնել նրանց փոխարինումը:
«Լինի լիբանանյան «Հեզբոլլահը», Պուտինի հետ կապված մարդիկ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կամ նույնիսկ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը, այս բոլոր կազմակերպությունները մինի-քաղաքական միավորներ են իրենց տնտեսության մեջ: Ինչու՞ թողնել նրանց հասնել մարտի դաշտ, եթե կարող ես նրանց ռեսուրսներից զրկել նախքան այնտեղ հասնելը»,-ասել է Ստրինգերը:
Պարբերականը բացատրել է, որ ԻՊ-ի դեմ պայքարի գործողության ավարտից հետո վարչությունն օգտագործվել է հատուկ առաջադրանքների համար և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության մշտական ստորաբաժանում չէ: