Փսակի. ԱՄՆ իշխանություններն իրենց իրավունք են վերապահում պատասխանել Սիրիայում մեր բազայի հրթիռակոծմանը
Չորեքշաբթի օրը Սիրիայի սահմանամերձ Ալ-Թանֆ քաղաքում ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով ամերիկացի զինվորականներ չեն տուժել, միջադեպը հետաքննվում է և Վաշինգտոնն իրեն պատասխանելու իրավունք է վերապահում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Նա նշել է, որ ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, ռազմական օբյեկտը ենթարկվել է կանխամտածված և համակարգված հարձակման։
«Ըստ նախնական տվյալների՝ հարձակման ժամանակ օգտագործվել են և՛ անօդաչու թռչող սարքեր, և՛ հրթիռներ: Ամերիկացի զինվորականների շրջանում զոհերի մասին այս պահին տվյալներ չունենք: Իհարկե, մենք միշտ մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու, բայց, ինչպես ասացի, այս մասին հայտարարելու ոչինչ չունեմ, մենք դեռ հետաքննում ենք միջադեպը»,- ասել է նա։