Ռուսները օգնել են բնակարան գնել Օմսկի բնակչուհուն, որը 35 տարի ապրում էր երկաթե մեծ տակառի մեջ
Օմսկի բնակչուհի Սվետլանա Չեռնովան, որը 35 տարի ապրում է երկաթե մեծ տակառի մեջ, պատրաստվում է սեփական մեկ սենյականոց բնակարանի սեփականատեր դառնալ։ Այս մասին Instagram-ում պատմել է բլոգեր Ելենա Տրիշինան։
Բլոգերը դիմել է իր բաժանորդներին՝ թոշակառուին օգնելու խնդրանքով։ Հոգատար ռուսները սկսել են գումար հավաքել Օմսկի բնակչի համար: Հավաքված 2,4 մլն ռուբլին ուղղվել է կնոջը մեկ սենյականոց բնակարան և կենցաղային տեխնիկա գնելու համար։
Բլոգերի խոսքով՝ բնակարանը շատ գեղեցիկ, տաք, հարմարավետ և վերանորոգված է։ Նա նշել է, որ տան կողքին կա կեչու պուրակ, խանութներ։ Ելենան նաև պատմել է, որ Նովոսիբիրսկի բլոգերը մարել է 35 հազար ռուբլի վարկը, որը թոշակառուն ձմռանը վերցրել է գազի կաթսա գնելու համար։
«Շնորհակալություն բոլորին: Մենք արեցինք դա: Ուռա՛»,-գրել է Ելենան։
Բլոգերը նաև տեսանյութ է տարածել, որում թոշակառուն շնորհակալություն է հայտնում իր անկյունը ձեռք բերելու հարցում օգնության համար։
Կինը նախկինում աշխատել է տեղի գործարանում, որտեղից խոստացել էին բնակարանով ապահովել և նրա համար ցիստեռն էին տեղադրել՝ որպես ժամանակավոր կացարան։ Գործարանը հետագայում փակվել է, և կինն այդպես էլ բնակարան չէր ստացել՝ մնալով առանց էլեկտրականության և ջեռուցման երկաթե տակառում ապրելու: