Հոկտեմբերի 23-ը ձյունահովազի համաշխարհային օրն է
Ձյունահովազի միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 23-ին: Այն հռչակվել է 2013 թ.-ի հոկտեմբերին Բիշքեկում (Ղրղըզստան) ձյունահովազի պահպանության համաշխարհային ֆորումում, որին մասնակցում էին Աֆղանստանի, Բութանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները: Այդ երկրների տարածքում է ապրում այս հազվագյուտ կատվազգին։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Իր բնակության բոլոր երկրներում ձյունահովազը հազվագյուտ կամ անհետացող տեսակի կարգավիճակ ունի և գրանցված է Կարմիր գրքում: Այն նաև գրանցված է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում և պաշտպանված է Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով (CITES):
Ձյունահովազը (irbis) կատվազգիների ընտանիքի կաթնասուն է: Մարմնի երկարությունը հասնում է մինչև 130 սանտիմետր, պոչի երկարությունը՝ 90-100 սանտիմետր: Արուները որոշ չափով ավելի մեծ են, քան էգերը: Արուների մարմնի քաշը հասնում է 45-55 կիլոգրամի, էգերինը՝ 22-40 կիլոգրամի։ Մորթին հաստ է, պոչը՝ երկար ու փարթամ, գույնը՝ ծխագույն է, դարչնամոխրագույն, մեծ մուգ բծերով: Ձմեռային մորթին մոխրագույն է, գրեթե սպիտակ:
Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) փորձագետների՝ Ալթայ-Սայան էկոշրջանի ռուսական հատվածում կա մոտ 70-90 ձյունահովազ, մինչդեռ մոլորակի վրա այս հազվագյուտ գիշատիչից մնացել է ընդամենը 4000 առանձնյակ: