Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի բերքի մոտ 50 տոկոսը դեռ հավաքած չէ, ցրտահարման վտանգ կա
Այսօր Ախալքալաքի շրջանում ուժեղ ձյուն է եկել, բարձրադիր գյուղերում ձյան շերտը ծածկել է կարտոֆիլի դաշտերը։
Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի շրջանի Սամսար գյուղում կարտոֆիլի մոտավոր 20 տոկոսը մնացել է ձյան տակ, բարձրադիր վայրերում ցրտահարման վտանգը մեծ է:
«Մոտ 2․5 հեկտար կարտոֆիլ ունենք դրսում, անբարենպաստ եղանակի պատճառով հոկտեմբերի սկզբին չկարողացանք հավաքել, իսկ հետո աշխատուժ չկարողացանք գտնել։ Սերմացու գնելը և մշակելը մեծ ծախսերի հետ է կապված, եթե ցրտահարվի շատ մեծ կորուստ կունենանք», – ասել է Սամսար գյուղի բնակիչ Արտյոմ Հարությունյանը։
Ախալքալաքի Բիզնես-կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը պարզաբանում է՝ կան այնպիսի կարտոֆիլի տեսակներ, որոնք հողի ավելի խորը շերտում են աճում և ցրտահարման վտանգ այս տեսակներին չի սպառնում:
Ըստ նրա, մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքի մոտ 50 տոկոսը դեռ հավաքած չէ։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասել է, որ ցրտահարության վտանգն այնքան էլ մեծ չէ, իսկ ցրտահարվելու դեպքում պետության կողմից օրենքով նախատեսված որևէ փոխհատուցում չկա։
Աղբյուրը նշում է, որ տարին գյուղատնտեսական առումով Ախալքալաքում հաջող էր, ոչ միայն բերքատվությունն էր բարձր, այլև՝ բերքի գինը: