Այս բյուջեով կառավարությունը մարդկանց ասում է՝ հաջորդ տարի նրանք ավելի վատ են ապրելու. Թադևոս Ավետիսյան
«Երկնիշից ավել աճել է պետական պարտքը՝ 12% և դրա համար է, որ հաջորդ տարվա բյուջեում, մենք բոլորս, ձեր հետ միասին, ստիպված ենք բյուջեի 10 % ծախսն ուղղել պետական պարտքի սպասարկմանը»,-ԱԺ հանձնաժողովների միասնական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նկատելով, որ այս տարի նպաստները, թոշակները և նվազագույն աշխատավարձերը նախորդ տարվա համեմատ չեն աճել, պետական ծառայողների բազային աշխատավարձի չափը նույնն է մնացել՝ պատգամավորը հայտնեց, որ այս պայմաններում կառավարությունը բերում է պետական բյուջեի նախագիծ, որով պետական աշխատավարձի, բազային աշխատավարձի չափը թողնվում է նույնը, բայց բյուջեում դրվում է 5.5% սպառողական գների բարձրացում:
Ավետիսյանը նկատեց, որ նախագծով կառավարությունը նախատեսել է, որ պետական բյուջեի եկամուտները աճելու են 25%-ով, ծախսերը՝18%-ով, կապիտալ ծախսերը 60 %-ով, բայց բյուջեով զբաղվածության աջակցության պետական ծրագրերն կրճատել են 25 %-ով:
«Հաղթահարել ե՞ք արդյոք զբաղվածության խնդիրը, գործազրկության խնդիրը, որ նման բյուջե եք բերել»,-Տիգրան Խաչատրյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նա հայտնեց, որ բյուջեով չեն բարձրացվում նաև անապահովության նպաստի չափերը, կենսաթոշակի նվազագույն չափը ավելացվու է 2 հազար դրամով, որը վերաբերում է թոշակառուների միայն 10-15%-ին և որը միայն 2 շիշ ձեթի թանկացմանը կբավարարի:
Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս տարվա 6 ամիսների տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղի մեկ անձի համար ամսական հատել է 70 հազար դրամի շեմը, բայց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, իսկ միջին կենսաթոշակը և նպաստները զամբյուղի շեմից կրկնակի են պակաս:
Ավետիսյանը հարցրեց, թե այդ խնդիրները ինչու հաշվի առնված չեն 2022 թ պետական բյուջեում:
«Այս մարդկանց դուք ասում եք, որ հաջորդ տարի ավելի վատ կապրեք, քան 2021-ին, բայց դրա փոխարեն մենք ճանապարհներ կկառուցենք, դպրոցներ կկառուցենք, մենք 60%-ով ավելացրել ենք կապիտալ ծախսերը»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը՝ նաև կասկած հայտնելով, որ 60% կապիտալ ծախսերը կկատարվեն, քանի որ ներկայիս իշխանությունները մշտապես թերակատարում են դրանք, այն դեպքում, երբ դրանք կարելի էր օգտագործել սոցիալական ծրագրերի համար:
Տիգրան Խաչատրյանն ընդունեց, որ հաջորդ տարի բնակիչների գնողունակությունը ընկնելու է, բայց ոչ միայն աղքատների, այլ բոլորի մոտ, իսկ կառավարությունը աշխատավարձերը և նպաստները կբարձրացնի տնտեսական իր ծրագրերն անելուց հետո՝ հաջորդող տարիներին:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թ. բյուջեն կատարելու համար 250 մլրդ դրամի ներքին պարտքի ավելացում է նախատեսվում. Տիգրան Խաչատրյան
- Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին