Սուդանում քաղաքական ճգնաժամ է․ ի՞նչ է հայտնի
Սուդանի զինվորականները հոկտեմբերի 25-ի գիշերը ձերբակալել են մի քանի բարձրաստիճան քաղաքական գործիչների ու պաշտոնյաների և վերահսկողության տակ վերցրել առանցքային ենթակառուցվածքները: Տնային կալանքի տակ գտնվող վարչապետ Աբդուլլահ Համդուկը քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ փողոց։ Այս մասին գրում է Tass-ը։
Այսպիսով, Սուդանի ռազմական և քաղաքացիական իշխանությունների միջև կոմպրոմիսը, որը գոյություն ուներ 2019 թվականից՝ նախագահ Օմար ալ-Բաշիրի տապալումից ի վեր, խախտվեց:
Ի՞նչ է տեղի ունեցել
Սուդանի զինվորականները և իրավապահները սկսել են ձերբակալել քաղաքացիական պաշտոնյաներին՝ Համդուկի և Ինքնիշխան խորհրդի ղեկավար գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի հանդիպումից հետո, որը ձևավորվել է որպես երկրի բարձրագույն ղեկավար մարմին՝ ալ-Բաշիրի տապալումից մի քանի ամիս անց:
Համդուկը և նրա ամենամոտ խորհրդականը տնային կալանքի տակ են: Ձերբակալվել են մի քանի նախարարներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, ինչպես նաև Խարթումի նահանգապետ Այման Նիմրը և Ինքնիշխան խորհրդում քաղաքացիական ներկայացուցիչ Մուհամմադ ալ-Ֆակին:
Խարթումում անջատված են ինտերնետը և բջջային կապը, չեն աշխատում նաև ֆիքսված հեռախոսները, ըստ Al Arabiya հեռուստաալիքի։ Բանակը փակել է մայրաքաղաքի մուտքերը, կամուրջներն ու կենտրոնական փողոցները, քաղաքում մեքենաների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է:
Զինվորականները վերահսկողություն են հաստատել Սուդանի պետական ռադիոյի և հեռուստատեսության շենքի վրա:
Արգելափակված է նաև Խարթումի օդանավակայանը։ Թռիչքներն այնտեղ դադարեցվել էին երկու օր առաջ։
Ինչպե՞ս են արձագանքում տեղի ունեցողին երկրում
Համդուկը, տնային կալանքի տակ հայտնվելուց առաջ, Տեղեկատվության նախարարության միջոցով աջակիցներին կոչ է արել «դուրս գալ, պաշտպանել հեղափոխությունը, բայց հավատարիմ մնալ ցույցերի խաղաղ բնույթին»:
Հիմնական ընդդիմադիր՝ «Հանուն ազատության և փոփոխության ուժեր» շարժման կողմնակիցները նույնպես կոչ են արել մարդկանց դուրս գալ փողոց և դեմ լինել «իշխանությունների յուրացման ռազմական ուժերի» փորձերին:
Սուդանցիներն արդեն սկսել են հավաքվել բողոքի ակցիայի համար: Երկրի բուժաշխատողների արհմիությունը գործադուլ է հայտարարել (բժիշկները օգնություն կտրամադրեն միայն «արտակարգ իրավիճակներում»)։
Սպասվում է, որ շուտով Ալ-Բուրհանը հանդես կգա հայտարարությամբ: Al Arabiya-ի աղբյուրները ենթադրում են, որ երկրում կմտցվի արտակարգ դրություն, իսկ անցումային սահմանադրական հռչակագիրը (ընդունված ալ Բաշիրի տապալումից հետո) կկասեցվի։
Ի՞նչ էր նախորդել տեղի ունեցածին
Ռազմական և քաղաքացիական իշխանությունների միջև հարաբերությունների ճգնաժամը, որը զարգացել է 1989-ից ի վեր իշխող ալ-Բաշիրի տապալումից հետո, շարունակվում է մի քանի շաբաթ:
Երկրորդ շաբաթն է երկրում տեղի են ունենում բանակի կողմնակիցների հանրահավաքներ ՝ կառավարության հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ, քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչները ձգտում են անցումային շրջանի ավարտին և զինվորականների կողմից իշխանության վերջնական փոխանցմանը:
Կիրակի օրը Սուդանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար, ովքեր փորձում էին փակել մայրաքաղաքի գլխավոր փողոցը՝ Նիլը:
Խարթումի իշխանությունները կարծում են, որ անկարգություններին մասնակցել են ալ-Բաշիրի կողմնակիցները, որը տապալումից հետո ձերբակալված է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան