Վիվա-ՄՏՍ. Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի
Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…
Իսկանդարյանների հիշողության մեջ վերջին 13 տարում այս պատկերից այն կողմ ուրիշ ոչինչ չկա: Տավուշի մարզի Գանձաքար գյուղում բնակվող ընտանիքը հարմարավետ կյանքի փոխարեն ընտրել է զավակների բարեկեցիկ ապագան ապահովելու ճանապարհը: Ֆինանսական ներդրումներ են կատարվել ոչ թե տան կառուցման, այլ դստեր և որդու բուհական կրթության ապահովման համար: Դա եղել է զավակների և ընտանիքի մոր՝ Նելլի երազանքը, ով ևս բարձրագույն կրթություն ունի:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ տարիներ շարունակ արտերկրի ճանապարհն ընտրած երիտասարդ տանտերը՝ Արտակը, արտագնա աշխատանքի արդյունքով կարողացել է իրականացնել իրենց առջև դրված նպատակը: Այժմ զավակների հաջողությամբ հպարտացող ընտանիքը, գտել է նաև կիսակառույցը հարմարավետ տուն դարձնելու ճանապարհը: Այդ հարցում նրանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիների գործընկերների համակարգված աշխատանքի շնորհիվ հերթական ընտանիքը պատրաստվում է մինչև տարեվերջ բնակարանամուտ նշել: Արտակն արդեն սկսել է շինարարությունը. քարը քարին է դնում ժպիտով և զավակների հետագա կյանքը ևս մեկ աստիճանով ապահով դարձնելու վճռականությամբ:
«Ձեզ համար կյանքի նոր էջ է բացվում: Փորձեք ամեն ինչ անել, որպեսզի կառուցվող պատերի հետ ամրանա նաև ձեր զավակների լավատեսությունը: Նրանց երիտասարդության տարիների հիշողությունը պետք է ավելի լուսավոր լինի: Գիտեմ, որ, անտեսելով ձեր բարեկեցությունը, հոգացել եք երեխաների բարձրագույն կրթության մասին: Տան կառուցումը հետաձգել եք՝ նրանց ապագայի համար: Այժմ, այս ծրագրի շնորհիվ, կիրականացնեք նաև երկրորդ երազանքը՝ ամուր ու լուսավոր տուն կունենաք: Ձեր կողքին ենք՝ անկախ հեռավորությունից»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Շատ ծանր հոգսեր եմ ունեցել: Դժվար է եղել. տարրական պայմաններ չեն եղել: Փորձել ենք հարմարվել, բայց ամեն ինչ անել, որպեսզի երեխաներս լավ կրթություն ստանան: Կարծես թե մեր երազանքներն սկսում են իրականանալ: Բոլորս ուզում էինք լավ տուն ունենալ: Հիմա արդեն կավելանա ևս երկու ննջասենյակ, կունենանք կոմունալ հարմարություններով ապահովված մեծ տուն»,- ասել է տանտիրուհին՝ Նելլի Ղազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են 2021թ. բնակարանաշինության ծրագիրը: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում առայժմ կամավորներ չեն ներգրավվում: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը ստիպում է զգուշավոր լինել: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն: Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել
- Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
- Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը
- Վիվա-ՄՏՍ. Նպատակը ոչ այլ ինչ է, քան ընկերության բարի համբավը վարկաբեկելու հերթական փորձ
- Վիվա-ՄՏՍ. Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի
- Վիվա-ՄՏՍ. Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար