Հանձնաժողովի աշխատանքներով կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանությունները կոռուպցիոներ չեն. Մամիջանյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականության հարցերը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ աշխարհասփյուռ հայությունն ու ՀՀ քաղաքացիները հաճախ իրենց օրվա ապրուստի միջոցները զգալիորեն խնայելով՝ 44-օրյա պատերազմի օրերին ոչինչ չէին խնայում «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար:
«Հետագայում, ըստ մամուլում շրջանառվող նորությունների, կասկած, հիմնավոր կասկած կար, որ հիմնադրամի ծախսային հատվածը, առավել ևս պետական բյուջե կատարած փոխանցումը, անհասկանալի և խիստ կասկածելի պայմաններում և նպատակներով իրականացվել են չարաշահումներով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվել էր իրականացնել աուդիտ և ներկայացնել արդյունքները հանրությանը, սակայն այդ արդյունքները հիմնադրամի կայքում չկա, իսկ պատգամավորի գրավոր հարցմանը հիմնադրամից պատասխանել են, որ այդ արդյունքերը պետք է հաստատվեն հոգաբարձուների խորհրդի կողմից և նոր հրապարակվեն:
Հ. Մամիջանյանը նշեց, որ աուդիտ իրականացրել է լոկալ մի կազմակերպություն, որը նույնպես, կարծում է, խնդիրներ է առաջացնում:
«Ուստի, ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետական բյուջե փոխանցման օրինականությունը և հաշվի առնելով ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, հնարավորություն կտա նաև ուսումնասիրել առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը:
Կարծում եմ՝ օդում կախված լուրերի հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չէր: Մենք պնդում ենք դրա հակառակը և վստահ եմ, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա ևս մեկ անգամ կապացուցվի»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան