Արցախում ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ»-ի մասին
Արցախում անցած հանգստյան օրերին ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ» նախագծի մեկնարկի մասին։ Երբեմնի եպիսկոպասանիստ ու կաթողիկոսանիստ եկեղեցին գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Վանական համալիրի վերածննդի նախագիծն իրականացվելու է «Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» կողմից ռեԱրմենիա համագործակցության հարթակում դրամահավաքի միջոցով։
Նախաձեռնողներն և համագործակցողները Արցախի կառավարությունն և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն են։
Վերականգնման աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնելու է ճարտարապետ Սամվել Այվազյանը, որը տրամադրել է Հակոբավանքի վերականգնման նախագիծը։ Սամվել Այվազյանն ավելի քան 30 տարի զբաղվել է վանքերի վերականգնմամբ՝ մասնավորապես Դադիվանքի, Սաղմոսավանքի, Թադեի վանքի, Ծործորի վանքի, և Ջուղայի Հովվի եկեղեցու։
Սամվել Այվազյանը լրագրողներին ասաց, նախատեսել են նաև տարածքի պեղման աշխատանքներ։ Վանական համալիրի վերածննդի աշխատանքները իրականացվելու են երեք տարում։
«Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիան» տրամադրել է մասնագիտական աջակցություն, իտալացի ճարտարապետ և էքսպերտ Գայանե Կազնատին՝ փորձագիտական խորհրդատվություն։
Գնահատելով խնդրի կարևորությունը՝ մի շարք միջազգային փորձագետներ, անհատներ ու կազմակերպություններ շարունակում են միանալ նախագծին։
Վանական համալիրը կառուցվել է 5-7 դարերում, հոգևոր, մշակութային և կրթական մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և Գտչավանքի հետ միասին։ 3 դար շարունակ վերանորոգման ոչ մի աշխատանք չիրականացնելու պատճառով վանքն այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։
Համալիրի կրթական և աշխարհիկ կառույցները՝ գրատները, մագաղաթյա ձեռագրեր պահող մատենադարանը, բուխարիներով տաքացվող բնակարանները, մթերանոցները, սեղանատունը, ախոռները, պահակակետերը, ջրավազանները և թոնիրներն ամբողջովին փլուզված են և ծածկված հողով ու փլատակներով:
Քանի որ Հակոբավանքը 18-րդ դարից հետո չի վերանորոգվել, բնական գործոնների ազդեցության տակ վանքի պատերը ճաքել են, տանիքներն ու թաղածածկերը թուլացել, մասամբ փլուզվել և ծածկվել բուսականությամբ: Հատակը քանդվել է, պատերի կրասվաղը՝ թափվել ու քայքայվել:
Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վանական համալիրի վերականգնումը որակում է որպես Արցախի մշակութային ու հոգևոր վերածնունդ։
«Դարեր շարունակ այստեղ հնչել են աղոթքներ, եղել է վանական կյանք, դպրություն, գրչություն, կաթողիկոսական գահ, կայացվել են որոշումներ... Շարունակել այդ ամենը նշանակում է, որ Արցախը պետք է ապրի, արցախահայությունը պետք է իր հայրերի քրիստոնեական ճանապարհով շարունակի իր հավիտենական կյանքը»,- ասում է Տեր Վրթանես եպիսկոպոսը։
Վանական համալիրի վերածննդի աշխատանքները իրականացվելու են երեք փուլերով.
Առաջին տարում վերակագնվելու է հյուսիսային եկեղեցին ( 2022 թվականի ապրիլից մինչև 2022 թվականի նոյեմբեր): Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 30 000 000 ՀՀ դրամ։
Երկրորդ տարում վերակագնվելու է արևելյան եկեղեցին (2023 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի հոկտեմբեր)։ Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 35 000 000 ՀՀ դրամ:
Երրորդ տարում վերակագնվելու են գավիթը և սյունասրահը (2024 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի հոկտեմբեր): Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 45 000 000 ՀՀ դրամ:
«Հակոբավանքը» ոչ միայն հոգևոր, այլև սոցիալական և մշակութային նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ուստի՝ վերականգնելով համալիրը՝ վերականգնում ենք անցյալում թողած մեր պատմությունը, որն այսօր Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խեղաթյուրել՝ անվանելով աղվանական։
Հակոբավանք վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնման համար անհրաժեշտ է մոտավորապես 110 000 000 ՀՀ դրամ։
ՌեԱրմենիա համագործակցության հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանի խոսքով, Արցախի զբոսաշրջության զարգացման ծրագրում ներառվել են Հակոբավանքը, Կաչաղակաբերդը, ստեղծվելու են նոր քայլուղիներ դեպի այս վանքեր։
Քանի որ պատերազմից հետո Ադրբեջանին անցած 1500 հայկական հուշարձաններից 90-ն արդեն ոչնչացվել կամ յուրացվել է, այսօր՝ այս մշակութային պատերազմում, հրատապ է դառնում վանքի վերականգնումը՝ որպես մեր գործի, պայքարի և միասնականության խորհրդանիշ։
Նախագծի ազդարարման միջոցառմանը մասնակցել է նաև Panorama.am-ի լուսանկարիչը։ Լուսանկարները՝ հարակից հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան