Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան
«Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները, որի շրջանակներում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հոկտեմբերի 24-ին այցելել են Շիրակի մարզկենտրոն՝ Գյումրի քաղաք։ Պատգամավորները ներկայացրել են երկրի ներսում առկա խնդիրները, տարածաշրջանային իրավիճակը, լսել ներկաներին, պատասխանել նրանց հարցերին ու խոսել ապագա անելիքներից։
«Ցավալի է այն, որ նույնիսկ պատերազմից հետո այսօրվա իշխանությունները հետևություններ չարեցին: Պարտությունների շարանը շարունակվեց, Ադրբեջանը, թուրքերը հայտնվեցին Հայաստանի սահմաններում, դեռ ավելին՝ ներխուժեցին մեր սահմաններից ներս՝ գրավելով այն կարևորագույն ռազմավարական կետերը, որոնք բարձունքներն են, ճանապարհներ են, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կենսունակությունն ապահովող ենթակառուցվածքներ են»,- հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, դրանք այսօր նաև շահարկման, ՀՀ-ին ճնշելու առիթ են հանդիսանում:
«Հիմնական նպատակն այն է, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ օղակն ավելի սեղմեն, այսպես կոչված տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման, այն արտահայտվելու է տնտեսական ճշումների, և նաև ամենացավալին՝ տվյալ շրջաններում՝ Սյունիք, Գեղարքունիք, մեր ժողովրդագրական նկարագրի փոխման»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ Ս. Օհանյանի, թուրքերը տարբեր պատրվակներով՝ տնտեսության զարգացման, կապեր հաստատելու առումով գալու են, լցվեն Հայաստան և անորոշ է դառնալու Արցախի, Հայաստանի հեռանկարային ողջ պատմությունը: Նա ընդգծել է՝ մեր վտանգը հենց դրանում է կայանում, որ այսօվա իշխանությունների քայլերը մեր շատ-շատ հատվածները վտանգի տակ են դնում:
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել է, որ իրենց վերջին մեկ ամսվա միջոցառումների հիմնական նպատակն ազգային դիմադրության ձևավորումն է՝ ոչ Հայաստանի թրքացմանը և ոչ Արցախի հայաթափմանը կարգախոսի ներքո:
«Այսօր նաև Հայաստանում, տարածաշրջանում տիրող իրավիճակի առումով որոշակի անորոշություններ ենք տեսնում: Այսօր արդեն իսկ մեր իշխանությունների մի մասը հանրության դատին են նետել այնպիսի մի թեզ, որ նոյեմբերի 9-ին նորից կստորագրվի հերթական կապիտուլյացիայի ինչ-որ փաստաթուղթ, իսկ այս փաստաթուղթը գլոբալ առումով, ես կարծում եմ, վերաբերելու է տարածաշրջանում, ինչպես իրենք են ասում, խաղաղության ամրապնդմանը: Խաղաղություն նշանակում է ճանաչել հակառակորդի տարածքային ամբողջականություն, իսկ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման, ճակատագրի վրա»,- ասել է Ս. Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատարյանը հայտնել է, որ երեքշաբթի օրվա երկրորդ կեսին հրատապ նիստ են պահանջել՝ հասկանալու ընդհանրապես այս իշխանությունները սահմանազատման, սահմանագծման ինչ ճանապարհով են ուզում գնալ:
Հարակից հրապարակումներ`
- Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ
- Պեսկովը՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
- Պուտինը, Փաշինյանը և Ալիևը հնարավոր է հանդիպեն նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում
- Արտակ Զաքարյան. Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են
- Մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան