
Դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերին
Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։
Միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը:
Այսօրվա նիստում դատավորը միջնորդել է նիստն անցկացնել դռնփակ կարգով, սակայն միջնորդությունը մերժվել է:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է վարույթ հարուցելու հիմքերը՝ նշելով, որ, ըստ իրենց, դատավորը թույլ է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 10-րդ կետերի խախտումներ:
Դատավոր Մուրադ Հովակիմյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ պահանջելով գործի վարույթը կասեցնել: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավորի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին: