10 դեսպանների վտարումը թուրքական կառավարության ավտորիտար կողմնորոշման նշան է․ Եվրախորհրդարանի նախագահ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարեց, որ հանձնարարել է արտաքին գործերի նախարարին՝ Օսման Քավալայի մասին համատեղ հայտարարություն արած 10 երկրների դեսպաններին անցանկալի անձ հայտարարել՝ «պերսոնա նոն գրատա»։ Այս մասին գրում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Էրդողանի կողմից 10 երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարումը արձագանք ստացավ Եվրոպայում։ Եվրոպական լրատվամիջոցներն այն հայտարարեցին որպես կարևոր իրադարձություն։
Էրդողանի հայտարարություններին առաջին արձագանքը եղավ Շվեդիայից և Նորվեգիայից:
«Մեր դեսպանը ոչինչ չի արել, որպեսզի արժանանար արտաքսմանը», - ասել է Նորվեգիայի կառավարության հաղորդակցության գծով տնօրեն Թրյուդ Մասեյդը:
Մասեյդը, որին մեջբերում է NTB լրատվական գործակալությունը, ասել է, որ Անկարան մի երկիր է, որը պարտավորվել է պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, և որ իր երկիրը կշարունակի կոչ անել Թուրքիային՝ պահպանել ժողովրդավարական չափանիշները և օրենքի գերակայությունը:
AFP-ն հայտնել է, որ նմանատիպ հայտարարություն է արել նաև Շվեդիան։
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենք «ինտենսիվ քննարկումների» մեջ են մյուս 9 երկրների պաշտոնյաների հետ։
Դանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել, որ դեսպան Դենի Անանը մեկնում է Թուրքիայից։
«Մենք շարունակելու ենք զգայուն լինել մեր սկզբունքների և ընդհանուր արժեքների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սպասում են Թուրքիայի հստակ հայտարարությանը՝ դեսպանների արտաքսման վերաբերյալ։
Թուրքիայի հարցով Եվրախորհրդարանի նախկին զեկուցող և հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին նույնպես աջակցել է Օսման Քավալային ազատ արձակել պահանջող դեսպաններին՝ սոցցանցերի իր էջում արված հայտարարության մեջ։ Փերին ասել է, որ Անկարան պետք է կատարի ՄԻԵԴ-ի որոշումները, և որ ողջ ԵՄ-ն պետք է աջակցի «պերսոնա նոն գրատա» հայտարարված դեսպաններին։
Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «10 դեսպանների վտարումը թուրքական կառավարության ավտորիտար կողմնորոշման նշան է, մենք չենք հանձնվի»։
Հիշեցնենք, որ անցանկալի անձ են հայտարարվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի դեսպանները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին