Չեմ տեսնում, որ այս իշխանությունը որևէ իրական քայլեր է իրականացնում ԶՈւ-ն վերակառուցելու համար. Տիգրան Աբրահամյան
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով արձագանքում էր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Հայաստանը ռևանշի գնալու նպատակ ունի և փորձում է ցույց տալ, որ որևէ պարագայում Ադրբեջանի համար չեն կարող վտանգ ներկայացնել»,- ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս մեկնաբանի Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որ ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի և կառավարության ծրագրում արդեն ընդգծել են, որ ՀՀ-ն Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար:
Ինչ վերաբերում պաշտպանության բանակին, ըստ Տ.Աբրահամյանի, վերջին երեք տասնամյակում մարտական պատրաստության վիճակի բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումների հիմքում դրված է եղել ոչ միայն պաշտպանվելու, այլ հակահարձակողական, հարձակողական գործողությունների տրամաբանությունից ելնող գործողություններ:
«Այս պարագայում պետք է նշեմ, որ գոնե մինչև 2018 թվականը հայկական զինուժն առաջնորդվել է այն սկզբունքով, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ սցենարային տարբեր զարգացումներ և հայկական զինուժը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման բոլոր սցենարների»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Տ. Աբրահամյանը նշեց, որ որևէ ձևով հիմնավորած չի համարում ի սկզբանե վեր հանել մեր հնարավոր գործողությունները Հարավային Կովկասում տեղի ունեցող ռազմաքաղաքական ամենատարբեր իրավիճակների համար, բացի այդ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, լոկ չպետք է լինեն հայտարարություններ, որոնք գրված են թղթի վրա:
«Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու և առհասարակ իրավիճակին, եղած սպառնալիքներին համահունչ զինված ուժերը վերակազմավորելու խնդիրը բավականին բարդ է, և չեմ տեսնում այն հնարավարությունը, իշխանության իրական ցանկությունը, որը մեզ հնարավարություն է տալու գնալու այդ ճանապարհով:
Տեսնում եմ Զինված ուժերում սպաներ, պայմանագրայիններ, մեր հասարակության մեջ մարդիկ, ուժեր, երիտասարդներ, որոնք պատրաստ են, կարող են լինել այն միջուկը, որի հիման վրա վերակառուցվելու է Հայաստանի Զինված ուժերն ու Պաշտպանության բանակը, ցավոք, չեմ տեսնում, որ այս իշխանությունները որևէ իրական քայլեր են իրականացնում այդպիսի Զինված ուժեր վերակառուցելու համար»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակը. Տիգրան Աբրահամյան
- Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան