Ընդդիմադիրներ պատգամավորների պահանջով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու արդար դատաքննության ոլորտում առկա խնդիրները
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել էին «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով» ստեղծելու գործընթաց:
Երեկ կայացած ասուլիսում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասել էր, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան է լինելու այն խնդիրը, որ 2021 թվականի հուլիսին դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման համակարգը, սարքավորումը իշխանությունների կողմից խլվել է. «Այսինքն որոշեցին՝ այլևս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի, թե որ գործով որ դատավորը պետք է քննության առնի բողոքը, որոշեցին խլել համակարգը: Մինչ օրս համակարգը խլված է և ինչպես է ստացվում, որ 21-րդ դարում, երբ կան տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաթիվ լուծումներ, այդ համակարգը չի գործում»:
Բացի այդ, նա հայտնել էր, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան է լինելու արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները, որոնք ամենամեծ թափը ստացել են 2020 թվականի նոյեմբերից, որովհետև այդ ժամանակահատվածից սկսած իշխանությունների համար սկզբունքային էին կալանքների ֆետիշացումը, որոնք սակայն արդյունք չէին ստանում դատավորների կամային հատկանիշների դրսևորման համար:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության կողմից դեռ խլված է դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման սարքավորումը. Արամ Վարդևանյան
- Հանձնաժողովի աշխատանքներով կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանությունները կոռուպցիոներ չեն. Մամիջանյան