Արմեն Գևորգյանը դատախազության ուշադրություն հրավիրեց դատարանի գործողությունների վրա
«Այս դատավարությամբ ամեն ինչ արվել է, ցավոք սրտի, որ պետության հեղինակությունը առավելագույն չափով ընկնի»,-այսօր Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
Գևորգյանն իր խոսքում նշեց, որ այսօր ժամը 14։00-ին պետք է մասնակցեր ԱԺ-ում փակ նիստի, որտեղ պետք է քննարկվեր սահմաններում տիրող իրավիճակը, ինքը պետք է հարցադրումներ հնչեցներ՝ ուղղված իշխանությանը։
«Դատարանը չի հարգում առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչի աշխատանքն ու դրա կարևորությունը։ Սա ի դեպ, որպես նկատառում, եթե ցանկանում եք, կարող եք միջնորդության քննարկման հիմքերում սրան էլ անդրադառնալ»,-ասաց Գևորգյանը։
Ընդդիմադիր պատգամավորը դատավորին հիշեցրեց, չնայած պաշտպաններն առավել հաճախ վկայակոչում են Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, հայաստանյան օրենսդրությունն այդ երկու իրավական ակտերով չի սահմանափակվում։
«Գոյություն ունի առաջին հերթին Սահմանադրություն, կան օրենքներ։ Գոյություն ունի Դատական օրենսգիրք, որը սահմանում է դատավորի վարքագծի կանոնները, որոնք վերաբերում են ի պաշտոնե գործելուն։ Այնտեղ ասվում է, որ դատավորն իր գործողություններով չպետք է ստեղծի հիմքեր նոր ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնելու համար»,-ասաց նա։
Գևորգյանը մի կոնկրետ հանգամանք նշեց. 2020-ի օգոստոսին դատարանը հետաձգել է իր գույքը կալանքից հանելու վերաբերյալ միջնորդության լուծումը, ինչը, ըստ Գևորգյանի, փաստացի մերժում է։ Այնուհետև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինքը դիմել է դատարան՝ խնդրելով թույլ տալ իր հաշվից 5 մլն դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնաադրամին։ Դատարանն առանց քննարկելու թույլ է տվել, համապատասխան գրություն է ուղարկել համապատասխան բանկին, փոխանցումը կատարվել է։
«2021թ. մայիսին մենք նույնպես դիմել ենք Ձեզ, ես որպես համապատասխան դաշինքի անդամ ցանկություն եմ ունեցել աջակցություն ցույց տալ համապատասխան դաշինքին, խնդրել եմ Ձեզ թույլ տալ, որ որոշակի գումար փոխանցվի դաշինքի հաշվեհամարին։ Դուք պարզապես մերժել եք»,-ասաց Գևորգյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ դիմել են դատարանին՝ խնդրելով արգելանքի տակ դրված հաշվեհամարից պետական բյուջե վերադարձնել Ստրասբուրգ գործողուման համար փոխանցված, բայց այդպես էլ չծախսված գումարը, սակայն դատարանը կրկին մերժել է։
«Հարգելի դատարան, Դատական օրենսգրքի 70 հոդվածի 14-րդ կետի համաձայն, դատավորը պետք է խելամիտ վարք դրսևորի, որպես նոր ինքնաբացարկի հիմք չառաջացնի։ Հիմա այս հանգամանքներն ընկնո՞ւմ են այդ հոդվածի տակ, թե՞ չէ»,-նշեց նա՝ խնդրելով դատախազության ուշադրությունը այս հարցին, քանի որ դատարանն իր գործողություններով վնաս է հասցնում պետությանը։
Այդ գործողությունները Գևորգյանը գնահատում է ապօրինի, ինչի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է 507 հազար դրամ վնաս։
«Սա կոնկրետ հանգամանք է, որն անհերքելի է»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաևը շնորհավորեց Դանիբեկյանի ծնունդն ու խնդրեց՝ ինքն իրեն նվեր անել
- Կոչուբաևը ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին. Կասկած ունեմ՝ օբյեկտիվ լինել չեք կարող
- Դատարանը ստացել է Լուսինե Սահակյանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը
- Դատախազը միջնորդեց Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառել
- Ի նշան բողոքի՝ Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճ