Վերդիի «Աիդա» օպերան վերադառնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմ
Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, բեմադրող ռեժիսորը՝ Մարիո Կորադի (Իտալիա), բեմադրող նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը: Զգեստների նկարիչը՝ Սուսաննա Ալավերդյանը։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրավված է թատրոնի ստեղծագործական անձնակազմի ավելի քան 350 աշխատակից: Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով:
«Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը: Սիրով հրավիրում ենք՝ ներկա գտնվելու այս կարևոր մշակութային իրադարձությանը»,- հանդիսատեսին ուղղված խոսքում նշել է Կարեն Դուրգարյանը:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին։
Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո մասին է։ 1871 թվականի Ամանորի նախօրեին ներկայացման առաջնախաղին ներկա էին հյուրեր աշխարհի տարբեր կողմերից:
Այդ կարևոր իրադարձությանը բացակայում էր միայն Վերդին: Կոմպոզիտորը 46 օր անց ներկա է գտնվել «Աիդայի» պրեմիերային հարազատ Միլանում: «Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան