Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում՝ ինչպես պետք է աշխատենք, այսինք մինչև հիմա չգիտեինք՝ պետք է աշխատենք. Թագուհի Թովմասյան
ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընոդւնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։
Նախարարը հարցի զեկույցի ժամանակ նախ հիշեց, որ 13 ամիս առաջ հայտարարվեց ռազմական դրություն ու ինքն իր եղբայրների հետ գնաց զինկոմիսարիատ՝ մեկնելու պատերազմ:
«44 օրվա ու դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել պատերազմին», - ասաց Քերոբյանը:
Նա նաև նշեց, որ այնպես էր ստացվել՝ պատերազմ գնալիս պայուսակում թողել էր Մալքոլմ Գլեդվելի «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գիրքը: Նախարարն ասաց, թե գրքում պատմություն է այն մասին, թե ինչքան կարևոր է մարդու ծննդյան ամսաթիվը Կանադայում, Չեխիայում ու շատ այլ երկրներում, որպեսզի հաջողության հասնեն հոկեյում կամ ֆուտբոլում:
«Այստեղ պատմություն է այն մասին, թե ինչքան կարևոր նշանակություն է ունեցել Բիլ Գեյթսի, Սթիվ Ջոբսի հաջողության համար այն, որ իրենք ծնվել են 1955 թվականին:…
Պատահականությունները կարևոր են, բայց այս գրքի ամեն գլխում, տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին որպես հաջողության հասնելու միակ ձև», - ասաց Վահան Քերոբյանը:
Այնուհետև նա նշեց, որ իրենց ներկայացրած նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ, այն քաղաքակրթական նախագիծ է, և Ազգային ժողովը, որպես ազգին առաջնորդող մարմին, պետք է ազդադարի աշխատանքի որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին:
«Խոսքերս ուզում եմ ավարտել այս գրքի կարմիր թելը հանդիսացող չինական ասացվածքով՝ «Չկա մեկը, ով տարվա մեջ 360 օր անցնում է աշխատանքի արևածագից առաջ և չի դարձնում իր ընտանիքը հարուստ»: Պետք է անցնենք աշխատանքի», - նախագիծը ներկայացնելիս՝ ասաց էկոնոմիկայի նախարարը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Քերոբյանի ելույթից հետո ասաց. «Հիրավի, շատ կարևոր նախագիծ ենք քննարկում՝ ինչպես պետք է աշխատենք, այսինք մինչև հիմա չգիտեինք, որ պետք է աշխատենք: Ինձ մոտ տպավորություն է, որ գրքից ձեր մեջբերումներն ամենևին նախագծի հետ առնչություն չունեն, այն իմաստով, որ մինչև հիմա էլ կառավարությունը, ԱԺ-ն գոնե ձգտել են հնարավորինս աշխատանքային օրերը վերածել աշխատանքային ռեժիմի:
Ուզում եմ հետաքրքրվել՝ ամեն առիթով խոսում եք տնտեսական ակտիվության, տնտեսական աշխուժության մասին, բայց այս նախագիծը բազմաթիվ գործարարների, հատկապես ովքեր կազմակերպում են հանգստյան գոտիների աշխատանքը և ժամանցի օբյեկտները, դժգոհություն են հայտնում, որ 1-2 օր կրճատելով ոչ աշխատանքային օրերը՝ նրանց եկամուտներից դուք ահռելի գումար եք կրճատում:
Արյդո՞ք այդ 1-2 օրվա աշխատանքն այնքան կարևոր էր, որ սկսեցիք ձեր ելույթը գրքի մեջբերումներով և անհասկանալի դարձավ՝ ի՞նչ է տնտեսապես տալու մեզ այդ 1-2 օրվա չաշխատելը»:
Վահան Քերոբյանը նշեց, որ իրենց անցկացրած հարցումների համաձայն՝ այն հյուրանոցները, ռեստորանները, որոնք հույս ունեն ամանորյա արձակուրդների ժամանակ ավելի շատ գումար աշխատեն, ուրախ են, ակնհայտ է, որ մարդկանց մեծ մասը տոներին կմնան Հայաստանում, չեն մեկնի արտերկիր, հնարավորություն կտա մարդկանց ճամփորդել Հայաստանի տարածքում:
«Բերել ենք տնտեսական հիմնավորումները, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործողության արդյունքում ամբողջ ՀՆԱ-ն, նաև առևուրը էապես կաճեն»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Թագուհի Թովմասյանի հարցրեց՝ թվային պատկեր ունե՞ք՝ եթե հյուրանոցային տնտեսություններին զրկում եք ամանորյա տոներին երկարաժամկետ աշխատելու հնարավորությունեից, ասում եք՝ աշխատանքային օրերը պակասեցնում են, ի՞նչ է տալու, ինչքա՞ն են տուժելու հյուրանոցները:
Վահան Քերոբյանը կրկնեց, որ իրենց հաշվարկներով հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ այդ օրերին ավելի շատ են գումար աշխատելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան