«Այս առաքելական նվիրակությունը կլինի տարածաշրջանում խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ»
Սուրբ Աթոռի ու Հայաստանի միջև միշտ առկա են եղել համագործակցային ու բարեկամական հարաբերություններ։ Այս մասին հայտարարեց այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։
Էդգար Պենյա Պառան իր խոսքում նշեց՝ բերել է Հռոմի Ֆրացիսկոս պապի ողջույնները, որը վառ հիշողություններ ունի 2016թ-ի Հայաստան իր այցից։
«Իմ այցի նպատակը Երևանում Սուրբ Աթոռի առաքելական դեսպանատան նվիրակության հանդիսավոր բացումն է»,- ասաց Էդգար Պենյա Պառան։
Էդգար Պենյա Պառայի խոսքերով, չնայած միջոցների ու առկա անձնակազմի սակավությանը՝ ծրագիրը իրականություն դարձավ մի քանի ամիսների ընթացքում։
«Այս առաքելական նվիրակությունը Հայաստանի ու ընդհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություններ ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ»,- ասաց Էդգար Պենյա Պառան։
Վերջինիս խոսքերով, այսօրվա միջոցառումը վկայում է նաև այն հարգանքի մասին, որ Պետրոսի իրավահաջորդը և կաթոլիկ եկեղեցին տածում են այս վսեմ հողի նկատմամբ, որտեղ բնակվում է քրիստոնեական հավատն առաջինն ընդունած հինավուրց ժողովրդի մի մասը։
Կաթոլիկ եկեղեցին՝ իր տարբեր ծիսակարգերով ներկա է այս երկրում, բազմատեսակ կրթական, սոցիալական ծրագրերով, ասաց Էդգար Պենյա Պառան, հատուկ նշելով Աշոցքում հիմնադրված Տիրամայր Նարեկ հիվանդանոցը, որը հիմնադրվել է 1991թ․-ին՝ Հռոմի Սուրբ Հովհաննես Պողոս պապի նախաձետնությամբ՝ 1988թ․-ի ավերիչ երկրաշարժից հետո, ինչպես նաև Կարիտաս հիմնադրամը։
«Առաքելական նվիրակության ֆիզիկական ներկայությունն, անշուշտ, օգտակար կլինի հնարավոր խնդիրների հանգուցալուծման և պատշաճ իրավական միջոցներով բավարար լուծումներ գտնելու հարցում։ Սակայն, միանշանակ, ոչ պակաս կարևորը՝ ցանկանում եմ վերահաստատել Սուրբ Աթոռի աջակցությունը ՀՀ կառավարության օրակարգային հարցերին և միջազգային հանրության օրակարգային հարցերին՝ ուղղված խաղաղությանն ու զինաթափմանը, մարդու իրավունքներին, մարդկային ու մշակութային զարգացման, կրոնական ազատությունների ու շրջակա միջավայրի պաշտպանության ու պահպանության հարցերի առնչությամբ»,- ասաց Էդգար Պենյա Պառան, հավելելով՝ առ Աստված աղոթք է բարձրացնում հույսով, որ ողջ ազգը կվայելի հարատև խաղաղություն և իրական սոցիալական առաջընթաց՝ շարունակելով այն քրիստոնեական ավանդույթները, որոնք դարեր շարունակ ձեզ են վկայել ձեր նախնիները։