Կլիմայի պատճառով մոլորակին և մարդկությանը սպառնացող վտանգները մեծանում են
2015 թվականի Փարիզի կլիմայական հարցերով գագաթաժողովի ժամանակ աշխարհի երկրների առաջնորդները խոստացան համաշխարհային ջերմացման մակարդակը պահպանել Ցելսիուսի 1.5 աստիճանի սահմաններում: Այսինքն` թույլ չտալ, որ մինչարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ երկրագնդի ջերմության բարձրացումն անցնի 1.5 աստիճանը: Սակայն ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, այդ խոստումները տարբեր երկրներում չեն համապատասխանում իրականացվող քաղաքականությանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Զեկույցը նախազգուշացնում է, որ արտանետումների ծավալները կրճատելու ուղղությամբ իրականացվող ներկա քայլերը ջերմոցային գազերի ծավալները մինչև 2030 թվականը կկրճատեն 7.5 տոկոսով: Մինչդեռ երկրագնդի ջերմացման մակարդակը 1.5 աստիճանի սահմաններում պահելու համար պահանջվում է արտանետումների ծավալների կրճատում 55 տոկոսով:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասի խոսքերով, երկրագունդն այսպիսով գնում է դեպի 2.5-ից 3 աստիճանի ջերմացում:
Իսկ ի՞նչ է այն նշանակում երկրագնդի համար
«Չեթըմ հաուս» կազմակերպության կողմից վերջերս հրապարակված զեկույցի համաձայն, շոգի հետևանքով տարեց մարդկանց շրջանում մահացությունների թիվն աճել է 54 տոկոսով: 2018 թվականին շոգից 296 հազար մարդ է մահացել:
Նույն կազմակերպությունից Դանիել Քիգինն ասում է, թե 400 միլիոն մարդ շոգի արդյունքում այլևս չի ունենա դրսում աշխատելու հնարավորություն:
Ջերմային ալիքներն ու երաշտը մեծ ազդեցություն կունենան համաշխարհային պարենային անվտանգության վրա։ Բուսաբուծության ձախողումը և վնասատուների և հիվանդությունների տարածվածության աճը, ինչպիսին է մորեխի ժանտախտը Արևելյան Աֆրիկայում անցյալ տարի, կհանգեցնեն գների աճի:
Ավելի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է ավելի ինտենսիվ արևադարձային փոթորիկների և ջրհեղեղների: Ավելի երկարաժամկետ հեռանկարում, սառույցի հալոցքը կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացմանը՝ վտանգի տակ դնելով ափամերձ քաղաքները:
Մինչ աշխարհի երկրների առաջնորդները պատրաստվում են Գլազգոյի համաժողովին, մեր մոլորակին և մարդկությանը սպառնացող վտանգները մեծանում են, և երկրագնդից հասցվող վնասը դառնում անդառնալի:
Գիտնականներն ասում են, որ Գլազգոյի գագաթնաժողովի արդյունքը կազդի մեզնից յուրաքանչյուրի վրա աստիճանաբար ջերմացող Երկիր մոլորակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան