Ուկրաինայի ԶՈւ-ն հաստատել է Դոնբասում «Բայրակթար» անօդաչու թռչող սարքի կիրառումը
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը նախօրեին հաստատել է ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությունները, թե զինվորականներն առաջին անգամ Դոնբասում օգտագործել են թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք։ Այս մասին գրում է Ria-ն։
«2021 թվականի հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով միացյալ ուժերի օպերացիայի տարածքում Բայրաքթարի հետախուզական և հարվածային մարտական կիրառում է իրականացվել առաջին անգամ»,- հայտնել է Գլխավոր շտաբի մամուլի կենտրոնի Facebook-ի էջը։
Ժամը 14:35-ից 15:15-ը (համընկնում է Մոսկվայի ժամանակով) Д-30 հաուբիցների մարտկոցը գնդակոծել է Դոնբասում՝ Գրանիտնոե գյուղի մոտ գտնվող ԶՈւ դիրքերը, ինչի հետևանքով զինծառայողներից մեկը զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։ Ինչպես հայտարարել են Գլխավոր շտաբում, ուկրաինական կողմը ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային միսիայի միջոցով պահանջել է դադարեցնել կրակը, սակայն դա տեղի չի ունեցել։ Դրանից հետո կիրառվել է Բայրաքթարը՝ անօդաչու սարքը չի հատել բախման գիծը և կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթ․ ուկրաինական դիրքերի գնդակոծությունը դադարեցվել է։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը Թուրքիայից հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել՝ Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքը պաշտպանելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթարը» հուշագիր են ստորագրել Կիևի մերձակայքում անօդաչու թռչող սարքերի պահպանման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին։
Նշվում է, որ Դոնբասում քաղաքացիական դիմակայությունը շարունակվում է արդեն 7 տարի, զոհ է դարձել մոտ 13 հազար մարդ։ Կարգավորումը քննարկվում է Մինսկում կոնտակտային խմբի հանդիպումներում։ Դրա մասնակիցներն ընդունել են մի քանի փաստաթղթեր՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։
Այդուհանդերձ, փոխհրաձգությունները տարածաշրջանում շարունակվում են, թեև լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում հրադադարի ապահովման համար։ Դրանք ենթադրում են կրակոցների, բնակավայրերում և մերձակայքում զենքի տեղադրման, հարձակողական և հետախուզական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործման ամբողջական արգելք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան