Երևանում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին
Երևանում՝ հոկտեմբերի 29-31-ը, տեղի կունենա «Ազգային կինոն՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» թեմայով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին։ Ֆրանսահայ ականավոր կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանի հիշարժան հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների օրացույցում: Այս մասին տեղեկանում ենք kinoashkharh.am կայքից։
Անրի Վեռնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծավալվել է Ֆրանսիայում։ Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական թրիլերներ։ Վեռնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը» 1991-ին, որը դարձավ նաև սփյուռքահայ կինո-պատկերագրության նշանավոր գործերից մեկը։ Վեռնոյի ստեղծագործական ուղին նման է այլ սփյուռքահայ կինոգործիչների անցած ճանապարհին, որոնք օտարության մեջ կենդանի են պահել հայկական մշակույթը։
Օգտագործելով Անրի Վեռնոյի ժառանգությունը և խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը որպես ելակետներ, գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երևույթներին՝ որպես ազգային կինոյի դրսևորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն ՝ համաշխարհային կինոպատմության համտեքստում։
Այս գիտաժողովը, փորձելու է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։
Որպես ամփոփում՝ գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով։
Գիտաժողովի ծրագիրը և Ժամանակացույցը՝ այստեղ։
Գիտաժողովի մասին նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին