Միրզոյան․ Մեզ համար կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում
«Հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու․ բացվելու է Հայաստանում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը։ Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Արարատ Միրզոյանն ասաց, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել խորացնելու երկրների միջև հարաբերությունները՝ «խարսխված նույն ակունքից սերող քրիստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խնդիրների վերաբերյալ համընկնող մոտեցումների վրա»։
«Կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը, հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքերով, Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվար ժամանակներում և անցյալ տարին այս առումով ևս բացառություն չէր։
«Մեզ համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին ու դրան հաջորդած ժամանակաշրջանում Սրբազան Քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել»,- ասաց Միրզոյանը, հավելելով, որ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։
«Մենք խնդրում ենք, որ Սրբազան Քահանայապետն իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին ու շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ասաց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանի խոսքերով, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև։
«Այս առումով մենք կարևորել ենք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ Սուրբ Աթոռի հետաքրքրությունը հարցում և ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ այդ դեպքերը կանխելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց նաև Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային ու միանշանակ ուղերձի համար։
«Մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը չափազանց կարևոր է՝ ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների տեղի ունենալը, կրկնությունը կանխելու առումով»,- ասաց Միրզոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան