Որքան էլ ՀՀ իշխանությունները հերքում են, ակնհայտ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ծավալի ճնշումներ են գործադրում. Աբրահամյան
«Էրդողանի հայտարարության մեջ հստակ արտացոլվում են նախապայմանները, առաջին հերթին դա վերաբերում է, այսպես կոչված, միջանցքին»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նախագահը կրկին Թուրքիա-Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հետ, ի՞նչ է փոխանցվում հայկական կողմին հակառակորդ կողմի հայտարարությունների տեսքով։
Նրա խոսքով, որքան էլ ՀՀ իշխանությունները հերքում են, ակնհայտ երևում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ծավալի ճնշումներ են գործադրում, որպեսզի հասնեն այդպիսի կարգավիճակին, ճնշումները որոշակի փուլերում արտահայտվում են առաջնագծում, որոշակի փուլերում տարբեր քաղաքական գործընթացներում, այսինքն՝ ՀՀ այս պահին շարունակում է գտնվել մեծ ճնշումների ուղեծրում։
«Այս պարագայում ցավալի է արձանագրել, որ հետպատերազմյան իրավիճակում էլ Ադրբեջանն ու Թուրքիան փորձել են իրենց համար հնարավորություններ ստեղծել Հայաստանի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու, իրենց համար նոր նախապայմաններ առաջ քաշելու համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Բացի միջանցքի հարցից, նրա կարծիքով, կա նաև երկրորդ հարցը. «Անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, ակնհայտ է, որ այս պահին հայկական վերհսկողության տակ գտնվող Արցախը որևէ ձևով նրանց վերահսկողության տակ չի գտնվում, ակնհայտորեն չի բավարարում նրանց, Ադրբեջանը փորձելու է ամենատարբեր փաստաթղթերի, գործընթացների միջոցով հասնելու իր առաջ քաշած հարցի վերջնական փաստաթղթավորմանը»։
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ խոսքը ոչ միայն տարածքների ճանաչման մասին է. «Գիտեք՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ փաստաթուղթ կարող է լինել, կարևոր է հասկանալ, թե ինչ է այդ փաստաթղթում արձանագրված, ինչ սկզբունքներ են դրված, Արցախին անդրադարձ կա, թե ոչ, կամ եթե չկա, ապա կան արդյոք դրույթներ, որոնք, ըստ էության, փակում են Արցախի էջը, թե ոչ։
Փաստաթղթի հետ կապված վերջնական եզրահանգում կարելի է անել այն ժամանակ, երբ կլինի փաստաթուղթ, կամ կլինի գոնե հրապարակված այն հիմնական սկզբունքները, որոնք լինելու են փաստաթղթի հիմքում»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այս իշխանությունը փակ ֆորմատով տարբեր գործընթացների մեջ է մտել, բնականաբար, որևէ ձևով չեն կարող բացառել, որ իրադարձությունները կզարգանան այնպիսի սցենարով, որը մինչ այդ չէր հանրայնացվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան