ԱՀԿ-ն հայտարարել է մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացության ու մահացության աճի մասին
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,9 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 49 հազար մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) այսօրվա տվյալներով՝ նոր վարակների թիվը 7 օրում աճել է 4%-ով, իսկ մահերինը՝ 5%-ով։ Այս մասին գրում է Tass-ը։
«Հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած շաբաթվա ընթացքում աշխարհում նոր դեպքերի [վարակի] թիվը նախորդ շաբաթվա համեմատ փոքր-ինչ աճել է (4%-ով): Ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 2,9 միլիոն նոր դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՀԿ տվյալներով, ամենամեծ աճը գրանցվել է Եվրոպայում (14%) և Հարավարևելյան Ասիայում (13%)։ Միաժամանակ մահացությունների թիվը զգալիորեն նվազել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (16%-ով), Արևելյան Միջերկրական ծովում (13%-ով) և Աֆրիկայում (11%-ով)։
Մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թիվը ԱՀԿ-ին հայտնել է ԱՄՆ-ը (512 956): Դրան հաջորդում են Միացյալ Թագավորությունը (330 465), Ռուսաստանը (248 956), Թուրքիան (196 850) և Ուկրաինան (134 235):
Ըստ տեղեկագրի՝ դելտա կորոնավիրուսի շտամի արագ տարածումը շարունակվել է վերջին երեք ամիսների ընթացքում։
Փորձագետները նաև ուշադրություն են հրավիրել մինչև 24 տարեկան տարիքային խմբում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի վրա, հատկապես Եվրոպայում և Խաղաղօվկիանոսյան արևմտյան տարածաշրջանում։ Ընդգծվում է, որ այս միտումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ ավելի մեծ տարիքային խմբերի մարդիկ, հավանաբար, արդեն պատվաստվել են, ինչպես նաև այն հանգամանքով, որ երիտասարդները կարող են ավելի շատ շփումներ ունենալ, մասնավորապես ուսման ընթացքում, ինչը մեծացնում է վարակի ռիսկը։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, վարակված և ծանր դեպքերի համամասնությունը «համեմատաբար ցածր է մնում երեխաների և երիտասարդների շրջանում»:
ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման 243 857 028 դեպք է գրանցվել, մահացել է 4 953 246 մարդ։ Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է 295 432 վարակված և 5469 մահվան դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին