Սա Ավանեսյանի լկտի վարքագիծն է նախարարի կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ. Արամ Վարդևանյան
«Իրավապահ համակարգում տիրող խայտառակ իրավիճակի մեջ ուղղակիորեն պատասխանատվություն է կրում նաև առողջապահության նախարարը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա պարզաբանեց, որ խոսել է իր գործընկեր՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ և պարզել, որ դատարանի կողմից գրություն է գնացել առողջապահության նախարարին՝ խնդրելով Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին փորձաքննության արդյունքում կայացրած եզրակացության վերաբերյալ որոշում կայացնել, թե արդյոք նրա առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մինչ օրս չի արձագանքել այդ գրությանը:
«Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից խայտառակություն է, այլ լկտի վարքագիծ է նախարարի կարգավճակի և պաշտոնի նկատմամբ»,- հայտարարեց պատգամավորը և նկատեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր պարտականության կատարմանը:
Վարդևանյանը հայտնեց, որ դա մարդկայնորեն էլ իր համար անհասկանալի է, քանի որ նախարարը պետք է ուղղակի պատասխաներ, թե առողջական ներկա վիճակը համատեղելի է կալանքի հետ, թե ոչ:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի կարծիքով՝ անհամատեղելի է, քանի որ Արմեն Չարչյանի մոտ արյան մեջ շաքարի քանակությունը շատ բարձր է:
Ըստ Վարդևանյանի՝ առողջապահության նախարարը, իմանալով, որ Արմեն Չարչյանն առողջապահության, մասնավորապես՝ նրա ոլորտներից մեկի ձևավորման մեջ մեծ ավանդ ունեցող անձ է, անգործություն է դրսևորում նրա հանդեպ՝ իր ուղղակի պարտականությունները կատարելիս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան