Չավուշօղլուն սպառնացել է հրաժարական տալ՝ դեսպաններին արտաքսելու Էրդողանի հայտարարությունից հետո
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) ճանաչել արևմտյան 10 դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել բանտարկված բարերար Օսման Քավալային։ Այս մասին գրում է Ahval News-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին։
Չավուշօղլուն, ով գտնվում էր Հարավային Կորեայում, երբ Էրդողանը շաբաթ օրը հայտարարություն արեց, հորդորել էր նրան հետաձգել որոշումը՝ մինչև երկուշաբթի կաբինետի նիստը, երբ նրանք ժամանակ կունենան դեմ առ դեմ խոսելու, գրել է Deutsche Welle-ի թուրքերեն հրատարակության լրագրող Հիլալ Քոյլուն:
«Եթե դեսպանները պերսոնա նոն գրատա հայտարարվեն, ես ստիպված կլինեմ լքել նախարարությունը»,- ասել է Չավուշօղլուն Էրդողանին, որին Էրդողանը պատասխանել է, որ ոչինչ չի կարող անել, ասվում է զեկույցում, որտեղ չի նշվում, թե ինչպես է ստացվել այդ տեղեկատվությունը։
Նշվում է, որ Էրդողանի սպառնալիքը վերնագրեր է դարձել ամբողջ աշխարհում և երկուշաբթի օրը թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային ցածր մակարդակի էր հասել։ Ավելի ուշ ԱՄՆ կառավարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ հավատարիմ է Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին, որը խոստանում է չմիջամտել այլ երկրի ներքին գործերին:
Էրդողանի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, թե Deutche Welle-ի զեկույցը շինծու է։ Քյոյլուն ավելի քան մեկ տասնամյակի փորձ ունի՝ աշխատելով որպես դիվանագիտական թղթակից Թուրքիայում առաջատար հրատարակություններում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի դեսպանները կոչ էին արել ազատ արձակել Օսման Քավալային, որի ազատումը պահանջել էր նաև ՄԻԵԴ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը գոհ է. Քավալային ազատելու կոչ անող դեսպանները նոր հայտարարություն են արել
- 10 դեսպանների վտարումը թուրքական կառավարության ավտորիտար կողմնորոշման նշան է․ Եվրախորհրդարանի նախագահ
- Ֆինլանդիայի վարչապետն «ափսոսալի» է համարում Էրդողանի կողմից դեսպանների արտաքսումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան