Կառավարությունն այսօր կորոշի առաջարկություն չներկայացնել ԱԺ-ում սուտ տեղեկություններ տվողին ազատազրկում նախատեսող նախագծին
Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ այսօր կառավարությունը կորոշի, որ այն անհրաժեշտ է լրամշակել:
Գործադիրի որոշման նախագծում ասվում է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը առաջարկություններ չունի:
Օերնքի նախագծով սահմանված է. ««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի 28-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 307.5-րդ հոդվածով՝
«Հոդված 307.5. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը
1. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից յոթ տարի ժամկետով:
2. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:»:
Կառավարությունը գտնում է, որ առկա ձևակերպման դեպքում ստացվում է, որ հայտնած կամ տրամադրված ցանկացած կեղծ կամ սուտ տեղեկություն, անկախ դրա էական լինելուց կամ կազմվելիք եզրակացության համար ունեցած նշանակությունից, առաջացնում է քրեական պատասխանատվություն, որի համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ, ինչը ընդունելի չէ և քննիչ հանձնաժողովին հայտնած կեղծ կամ սուտ տեղեկությունների համար քրեական պատասխանատվությունը պետք է պայմանավորել քննության համար այդ տեղեկությունների էական լինելու հանգամանքով:
Այսօր գործադիրը նաև կորոշի դադարեցնել Արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 36 հարցի 4-ն է զեկուցվող:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները