«Նախագիծն իշխանությանը ոչ հաճո և կառավարության կողմից ոչ վերահսկելի ԶԼՄ-ների դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է»
Ազգային ժողովում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լրատվամիջոցներից մեկից մի քանի վերնագիր ընթերցեց, ապա դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին՝ ասաց. «Սա էլ ձեր սիրելի լրատվամիջոցի վերնագրերն են, այսպիսի ապուշություններ են հրապարակում ու իրենք պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ դուք պայքարում եք գրանցված լրատվամիջոցների դեմ, որոնք ձեզ հաճո չեն»։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ 2018 թվականի մայիսից սկսած հարվածի տակ են հայտնվել պետական ինստիտուտները, Արցախը, Հայաստանը։ Նրա խոսքով, իշխանությունների անսահմանափակ սանձարձակություններին սկզբնական փուլում դիմակայեց լրատվական դաշտը։
«Սա այն քիչ կայացած ոլորտներից է, որի դեմ արշավը սկսվել է 2018 թվականից ու շարունակվում է մինչ օրս»,- ընդգծեց Ա. Մանուկյանը։
Նա նշեց, որ 2018-ի հայտնի գործընթացներից հետո քաղաքական դաշտը ոչնչացվել էր, ստացել էին մեկ դերասանի թատրոն հիշեցնող քաղաքական պետական համակարգ, որը գերթե չուներ քաղաքական ընդդիմախոսներ, ինչը դեպի բռնապետություն և ամբոխավարություն տանող ուղիղ ճանապարհ է։
«Մամուլը դարձավ 2018 թվականին ձևավորված իշխանությունների ընդդիմախոսը, հանրային վերահսկողություն իրականացնող մարմինը։ Մամուլը ստիպված էր զբաղվել քաղաքականությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ազատ խոսքը 2018 թվականի գարնանից սկսած նոր մարտահրավերի առաջ է կանգնել, լրատվամիջոցի խոսքի իրավունքը վտանգվել է։
Ըստ նրա, ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած այս օրենսդրական նախաձեռնությամբ շատ ուշագրավ թեմա է շոշափվում՝ այսպես կոչված չնույնականացված աղբյուր։
«Շատ խորհրանշական նախաձեռնություն է, քանի այն ներկայացվում է մի ուժի կողմից, որի ղեկավարների սիրած զբաղմունք էր չնույնականացվող աղբյուրներին, օդում կախված լուրերին, իրենց անանուն աղբյուրներին հղում անելով բամբասանք ու կեղծ լուրերը տարածելը։ Նախաձեռնության տողատակում այլ բաներ էլ են երևում՝ իշխանությաններին ոչ հաճո և կառավարության կողմից ոչ վերահսկելի լրատվամիջոցերի դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նրա խոսքով, «մամուլն ազատ է ավելի քան երբևէ» կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ կառավարության ազդեցությունից դուրս գտնվող մամուլի։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նույնպես հիշեցրեց Փաշինյանի պնդումը, որ «մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, ինչպես այսօր», ապա նշեց. «Փաստ է, որ այս իշխանության օրոք են ամենաշատը սահմանափակվում լրատվամիջոցների գործունեությունը, նաև տեղաշարժը ԱԺ-ում, դատական ամենաշատ հայցերը լրատվամիջոցերի դեմ, ահռելի տուգանքներ են սահմանվել»։
Նա նշեց, որ այս նախաձեռնությունը իշխանական լծակները քաղաքական շահերին ծառայեցնելու դասական դրսևորում է։
Հարակից հրապարակումներ`
- Լրատվամիջոցից պահանջում եք կատարել մի գործառույթ, որն անգամ ԱԱԾ-ն ի վիճակի չէ կատարել. Արեգնազ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
- ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նոր հասկացություն ավելացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին