Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում են երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել. ՅՈՒՆԻՍԵՖ
Յունիսեֆ-ի նոր զեկույցի տվյալներով՝ հեռավար ուսուցմանը անպատրաստ 31 երկրների գրեթե կեսը փակ է պահել դպրոցները կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ թողնելով 102 միլիոն աշակերտի առանց կրթության որևէ ձևի:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող այն 31 երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել արտակարգ իրավիճակների դեպքում:
Աշակերտների այդ խմբի 102 միլիոնն ապրում է այն 14 երկրներում, որոնք դպրոցներն ամբողջությամբ կամ մասամբ փակ են պահել կորոնավիրուսային համավարակի ողջ տևողության առնվազն կեսի ընթացքում:
Հեռավար ուսուցման պատրաստվածության ինդեքսը չափում է երկրների՝ հեռավար ուսուցման անցնելու պատրաստվածությունը առկա կրթության խափանումների դեպքում՝ ընդգրկելով ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրների սովորողների գրեթե 90 տոկոսը: Վերլուծությունը հիմնվում է երեք չափորոշիչների վրա՝ տանը առկա միջոցների և ծնողների կրթության մակարդակի, ռազմավարության մշակման և ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում կրթական ոլորտի պատրաստվածության:
«Նույնիսկ շարունակվող արտակարգ իրավիճակի ժամանակ մենք գիտենք, որ լինելու են մյուսները, սակայն բավարար առաջընթաց չենք գրանցել, որպեսզի երբ հաջորդ անգամ սովորողներին հարկադրաբար դուրս բերեն դասարանից, նրանք ավելի լավ տարբերակներ ունենան», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:-«Անցած 19 ամիսները, թեև կործանարար էին, մեզ հնարավորություն տվեցին պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է հնարավոր համավարակի ընթացքում և դրանից հետո: Գործընկերների հետ միասին մենք ջանասիրաբար աշխատել ենք տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելու և երեխաներին ու երիտասարդներին ամենուրեք սովորելու հնարավորություններ ապահովելու համար»:
Զեկույցն անդրադարձ է կատարում հեռավար ուսուցման սահմանափակումներին և հասանելիության անհավասարություններին՝ զգուշացնելով, որ իրավիճակը, հավանաբար, շատ ավելի վատ է, քան ցույց են տալիս առկա տվյալները: Ուսումնասիրված երկրներից զատ՝ հասանելի ցանկացած տվյալ, այդ թվում որակական հետազոտությունները, ցույց են տալիս, որ սովորողները հեռավար ուսուցման խնդիրների բախվել են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում:
Զեկույցի մյուս էական բացահայտումներից են՝
° Ուսումնասիրված 67 երկրներից 31-ը պատրաստ չէ հեռավար ուսուցում ապահովել կրթության որևէ մակարդակում, ընդ որում ամենաշատը տուժել են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի դպրոցականները: 17 երկիր ունի միջին պատրաստվածություն, 19 երկիր՝ միջինից բարձր պատրաստվածություն։
° Նախադպրոցական կրթությունը ամենաանտեսված կրթական մակարդակն է. բազմաթիվ երկրներ կորոնավիրուսային արգելափակումների օրերին չեն կիրառում համապատասխան ռազմավարություն ՝ անտեսելով ամենափոքրիկ սովորողներին իրենց զարգացման համար ամենակարևոր տարիներին:
° Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ճգնաժամերը ևս կարող են էապես ազդել կրթության հասանելիության վրա: Ուսումնասիրված 31 երկրներից 23-ը ենթարկվում են կլիմայական և բնապահպանական ցնցումների մեծ կամ չափազանց մեծ ազդեցության՝ արտակարգ իրավիճակներում կրթական խափանումների ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ դնելով 196 միլիոն դպրոցականի:
° Արգենտինան, Բարբադոսը, Ջամայկան և Ֆիլիպիններն ունեն պատրաստվածության ամենաբարձր մակարդակը: Այնուամենայնիվ, նույնիսկ ինդեքսով առաջին հորիզոնականները զբաղեցրածների շրջանում երկրի ներսում առկա անհավասարությունների պատճառով ավելի աղքատ տնային տնտեսություններում կամ գյուղական վայրերում ապրող երեխաները դպրոցների փակման ժամանակ շատ հավանական է, որ չստանան համապատասխան կրթություն:
° Հուսադրող է հանգամանքը, որ համեմատաբար ցածր համախառն ազգային եկամուտ ունեցող շատ երկրներ միջինից բարձր միավորներ են հավաքել ինդեքսով, ինչը վկայում է միջազգային համագործակցության և լավագույն փորձի փոխանակման մասին:
Առկա ուսուցմանը ոչինչ չի փոխարինի, ասվում է զեկույցում: Այնուամենայնիվ, հեռավար ուսուցման կայուն համակարգերով դիմակայուն դպրոցները, հատկապես՝ թվային ուսուցումը, արտակարգ իրավիճակների ժամանակ դպրոցների փակման դեպքում կարող են կրթության որոշակի աստիճան ապահովել: Ավելին, երբ դպրոցները վերաբացվեն, այս համակարգերը կարող են օգնել սովորողներին լրացնելու բաց թողածը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան