Հայկական չրի արտահանումն ավելացել է
2021 թ.-ի առաջին կիսամյակում 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից չորացրած մրգի և բանջարեղենի արտահանման մաքսային արժեքն աճել է մոտ 77%-ով: Մի շարք ընկերություններ գրանցել են նաև արտահանման ծավալի աճ։
Հատկապես աճել է հայկական ծիրանաչրի պահանջարկը։ 2020 թ.-ին ասոցիացիան Միացյալ Թագավորություն է արտահել 500 կգ ծիրանաչիր, իսկ 2021թ.-ին արդեն ստացել է մինչև 2 տոննայի պատվեր։ Պահանջարկն աճել է նաև այն բանի շնորհիվ, որ արտահանվող «Երևանի» տեսակից պատրաստված ծիրանաչիրը մրցակցային առավելություն ունի Եվրոպական միության շուկաներում։ Այն ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի առողջարար է։
«Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակում, արդեն մի շարք չրարտադրողներ բարելավել են արտադրության որակը՝ ներդնելով միջազգային տեխնոլոգիաներ և ստանդարտներ։
«Առևտրի համար պատրաստ» ծրագրից մանրամասնում են, օրինակ, նրանցից մի քանիսը ներդրել են մրգի կեղևազատման ավտոմատացված համակարգ, ինչը նվազեցնում է որոշ տեսակի չրերի ինքնարժեքը։ Որոշակիորեն փոփոխվել է նաև մրգի և բանջարեղենի չորացման եղանակը, ինչը թույլ է տալիս ապահովել տարբեր շուկաների համար նախընտրելի խոնավության և փափկության մակարդակ։
Ավելին, բացի բուն չրից հայաստանյան ընկերություններն այժմ արտադրում են նաև բազմատեսակ չրային արտադրանքներ՝ օրինակ չրային կոնֆետներ, ընկուզեղենով պատրաստված չրային նախուտեստներ և նոր տեխնոլոգիայով պատրաստված մրգային լավաշներ։ Տեղական արտադրության մեջ այս մեթոդների ներդրմանը մեծապես նպաստել են «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը, ուսումնական այցը դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն, որը չրարտադրության ոլորտում առաջատարներից է, և միջազգային փորձագետների շարունակական խորհրդատվությունները։
«Հիմնական ձեռքբերումը, որ նկատեցի վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ, կեղևազատման ավտոմատացված համակագի ներդրումն էր որոշ արտադրողների կողմից»,-նշում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից չրարտադրության ոլորտում առաջատար միջազգային փորձագետ Անտոն Էրվեն, ով երեք տարի շարունակ խորհրդատվություն է տրամադրել ծրագրի շահառու ընկերություններին։
«Հայաստանում սա նախկինում արվում էր ձեռքով, ինչը բավականին ծախսատար գործընթաց է, քանի որ ավելի շատ միրգ է օգտագործվում։ Ավտոմատացված համակարգի ներդրումը էականորեն կրճատում է հատկապես որոշ տեսակի չրերի ինքնարժեքը»,- ավելացնում է փորձագետը։
Անտոն Էրվեի խոսքով՝ հայկական չիրը մրցունակ է Եվրոպական միության անդամ-պետություններ, ինչպես նաև ցանկացած այլ երկիր արտահանման համար։ Հաջողության հասնելու համար նա խորհուրդ է տալիս հետևել այս շուկաներում պահանջված ստանդարտներին՝ հատկապես չրի խոնավության ապահովման առումով։
«Աշխարհում չրի սպառումը պանդեմիայի սկսելուց հետո զգալիորեն ավելացել է, և ես ակնկալում եմ, որ այս միտումը կշարունակվի։ Տվյալ արտահանման շուկայում գործընկերներ գտնելը և նրանց հետ կապեր հաստատելը չափազանց կարևոր է։ Քիչ հավանական է, որ հաջողության կհասնես մի շուկայում, որտեղ արտադրանքդ ճանաչելի չէ», - նշում է Անտոն Էրվեն։
«Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող ութ ընկերություններ հոկտեմբերին ներկայացրել են Հայաստանը Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին։ Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել և ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները և ձեռք բերել նոր գործընկերային կապեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան