Սեռավարակները՝ անպտղության հիմնական պատճառ. գինեկոլոգ
Հայաստանում անպտղության դեպքերի 55 տոկոսը հիմնականում գրանցվում է կանանց, 45 տոկոսը՝ տղամարդկանց մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:
«Անպտղությունը մեծամասամբ հանդիպում է 25-40 տարեկան կանանց տարիքային խմբում։ Հայաստանում կիրառվում են անպտղության բուժման բոլոր մեթոդները, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում՝ բացառությամբ մի քանի չափազանց թանկարժեք մեթոդների, որոնց հնարավորությունը Հայաստանում չկա»,- ասաց նա։
Գ.Պողոսյանը միաժամանակ ասաց, որ Հայաստանում անպտղության ցուցանիշները պարբերաբար փոփոխվում են՝ կապված մարդկանց սոցիալական վիճակից։ Ըստ նրա՝ եթե կյանքի որակը լավանում է, անպտղության տոկոսն իջնում է, իսկ եթե ապրելակերպը վատանում է, անպտղության ցուցանիշը բարձրանում է:
Անդրադառնալով անպտղության պատճառներին, գինեկոլոգն ասաց, որ հիմնական պատճառներն են սեռական հիվանդությունները, թույլ իմունիտետը, սթրեսը, անառողջ սնունդը և դիետաները: Ըստ նրա՝ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների հանգեցնում են նաև ինֆեկցիոն հիվանդությունները, էնդոկրին համակարգի խախտումները:
Գ.Պողոսյանի խոսքերով՝ եթե նախկինում անպտղության շատ դեպքերում պատճառը լինում էր արգանդի փողերի անանցանելիությունը, ապա այսօր շատ են սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները։
«Երբ մինչ ամուսնությունը զույգերը գալիս են ուղղակի ստուգվելու, շատ եմ ուրախանում: Այդ մշակույթը պետք է տարածվի։ Այսպես կարելի է շատ հիվանդություններ կանխարգելել»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան