Համոզված եմ՝ այս փոփոխությունը հաստատ որևէ համայնքում կիրարկման նպատակով է բերված. Կյուրեղյան
«Այս փոփոխությունը շատ վտանգավոր է։ Հնարավոր է, ենթադրաբար, նման կիրարկումներ չլինեն, բայց նույնիսկ հավանականությունը, 0 պատահարն անհնարին պատահար չէ»,- ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նա մասնավորապես առանձնացրեց նախագծից մի քանի կետ՝
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում.
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված որոշումը (արձանագրությունը, հաղորդումը, վկայականը) Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:»,
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչեւ դրա առաջացնող հանգամանքների վերացումը՝ վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում՝ մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:»:
Ա. Կյուրեղյանը նշեց՝ 2-րդ կետի դեպքում ասում են՝ կիրարկման հավանականությունը զրո է, սակայն դա չի նշանակում է, որ որևէ մեկի մտքով չի անցնելու օգտագործել սա. «Առավել ևս՝ համոզված եմ, որ այս փոփոխությունը հաստատ որևէ համայնքում կիրարկման նպատակով է բերված»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, վաղուց արդեն համոզվել են, որ համայնքի ղեկավարի, այսօր արդեն առաջարկվում է տեղակալի պաշտոնակարների նշանակման լիազորությունը տալ վարչապետին կամ մարզպետին, ում են նշանակում այդ պաշտոններում։
«Ի՞նչ է նշանակումը՝ մարզպետը նշանակում է, վարչապետը նշանակում է։ Պրակատիկայում արդեն տեսել ենք, թե ինչպես է վարչապետը, մարզպետը նշանակում, ում են նշանակում, նրանց, ովքեր առաջիկա ընտրություններում, կամ ընտրություններից հետո, եթե իրենց համար ոչ ցանկալի թեկնածուներ են ընտրվել համայնքի ղեկավար, նրանց մեկուսացնեն ու նորից բերեն իրենց ԺՊ-ներին։ Իսկ ԺՊ-ների աշխատանքի գործունեության ոճը արդեն տեսել ենք, ծանոթ ենք։ Եթե մինչև հիմա այն կիրարկվում էր արդեն լիազորություններն ավարտած համայնքի ղեկավարների դեպքում, հիմա փորձ է արվում մյուս դեպքերի համար էլ։ Լուրջ խնդիր է, պետք է մտածել այդ մասին»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա, սխալ է՝ ավելացնել լիազորություններն ու դրանով իսկ սահմանափակել մասնակցային հնարավորությունները, ո՞ւր մնաց ինքնակառավարումը. «Տեղական ինքնակառավարման բանալի բառը ինքնակառավարումն է, այսինքն մենք բնակչին զրկում ենք իր կողմից ընտրված մարդու միջոցով համայնքի գործերը ղեկավարել»։
Արմենուհի Կյուրեղյանը նաև նշեց, որ ակտիվ մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քանի որ չմասնակցությունը նպաստում է ներկա իշխանությունների վերարտադրմանը։
«Անպայման գնալ և երբեք ձայնը չտալ գործող իշխանությունների թեկնածուներին»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը կարող է չունենալ բարձրագույն կրթություն
- Էմին Երիցյան. Կենտրոնական իշխանության կողմից պաշտոնակատարի նշանակումը հակասում է տեղական ժողովրդավարության սկզբունքների
- Միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, արդյո՞ք վտանգ չեք տեսնում. Կյուրեղյանը՝ Տերտերյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին